«Հունաստանը մտադրություն չունի Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել». Միցոտակիս
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով հունական նավատորմի համալրման շրջանակներում Ֆրանսիայի հետ կնքված ֆրեգատների (ռազմանավ) պայմանագրին, նշել է, որ իրենք մտադրություն չունեն Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աթենքի ժողովրդավարության ֆորումում ամերիկացի լրագրողի հարցին ի պատասխան՝ Հունաստանի վարչապետը մեկնաբանել է նաև պայմանագրում տեղ գտած «փոխադարձ օգնության» վերաբերյալ կետը։ Նա շեշտել է, որ վերոհիշյալ հոդվածի համաձայն երկու երկրներից մեկի վրա հարձակման դեպքում մյուսը պարտավորվում է օգնություն ցուցաբերել դաշնակցին։
«Ըստ իս՝ այս ռազմավարական համագործակցությունը Եվրոպայում գործող պայմանագրերում տեղ գտած փոխօգնության հոդվածից ավելին է։ Հոդվածի ձևակերպումը, ըստ ամենայնի, ավելի ուժեղ է և մատնանշում է այն կարևորությունը, որը Ֆրանսիան ավելի լայն առումով տալիս է Արևելյան Միջերկրականին»,-ընդգծել է Միցոտակիսը։
Նշենք, որ Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Հունաստանը երեք նոր ֆրեգատ է (պահակային ծառայության ռազմանավ) գնելու Ֆրանսիայից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ նոր պայմանագիրը 5 միլիարդ դոլար արժողությամբ է, իսկ ըստ թուրքական մամուլի՝ 3 մլրդ։