Վերջին հողակտորի վրա
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը 30 տարեկան է։ Այս մեկ շնչով ասված նախադասությունը, ինչ-խոսք, մեկ շնչով չի ստեղծվել, քանզի վերջին 30 տարին հայ պետականության համար լուրջ գողգոթա էր։ «Անկախություն» ասելով՝ զուգահեռ պատկերացնում ենք մաքառում, պայքար, նվիրում, ակնածանք, բայց․․․․
Աներկբա է, որ յուրաքանչյուր ազգի համար առանցքային ու զգացմունքային տոնը անկախության օրն է, այն պետության ծննդյան վկայականն է։ Երևի ապրած ամեն օրվա վերջում պետք է մի հայացք նետել հետադարձ ուղղությամբ՝ հասկանալու, թե ինչ հասցրեցինք կամ ինչը մոռացանք, թե ինչ գտանք կամ ինչը կորցրինք:
1991թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ արտահայտվեց խորհրդային երկրի ապագա գոյությանը: Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա և Էստոնիա, բոյկոտեց հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել վեց ամիս հետո անցկացնել անկախության ի´ր հանրաքվեն:
Դրանք ռոմանտիկ, երանելի ժամանակներ էին, թեև շատերի մոտ կային լուրջ մտահոգություններ երկրի ապագայի հանդեպ: Արդյո՞ք Խորհրդային Միության փլուզումն անդառնալի գործընթաց է: Չկա՞ր վտանգ, որ մեռնող կայսրությունը մի վերջին ճիգով կհարվածեր անկախության ձգտող Հայաստանին ու մյուս հանրապետություններին: Ինչպե՞ս անել, որ Հայաստանը չմնար կայսրության փլատակների տակ: Կարո՞ղ էր Հայաստանը միայնակ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային: Ինչպե՞ս էր լուծվելու Ղարաբաղի հարցը: Կարո՞ղ էր Հայաստանը տնտեսապես կենսունակ պետություն դառնալ: Հարցերը սրանցով չէին սահմանափակվում: Այս հարցերը, սակայն, միասնաբար կամ առանձին, ունեին մեկ պատասխան՝ անկախությանն այլընտրանք չկար:
Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրները պետականության հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսիք էին ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցումը, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականություն վարելը, ազատ և անկախ մամուլ ունենալը: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկվեց հենց 1990-ական թվականներին, ինչն առաջ բերեց մեծ հիասթափություն ոչ միայն իշխանությունների, այլ նաև անկախության գաղափարի նկատմամբ:
Մերօրյա Հայաստանում նկատվող ամենացավոտ ճգնաժամերից մեկը կապված է պետական մտածողության հետ: Պետականության երկարամյա բացակայությունն արտահայտվել է «պետական մտածողության հմտությունների» բացակայության մեջ, ինչպես անհատական, այնպես էլ ազգային մակարդակներում: Օրվա իշխանությունների վերջին երեք տարվա վարած ակնհայտ ուղղորդված քաղաքականության պատճառով՝ ականատես դարձանք անկախության բացահայտ արժեզրկման ու զրոյականացման։
Մինչև 2018 թվականի իշխանազավթումն ականատես էինք ՀՀ իշխանությունների կողմից տարվող այնպիսի քաղաքականության, ինչի արդյունքում արվում էր ամեն ինչ անկախության ամրապնդման, երկրի սուվերենության բարձրացման և, ընդհանրապես, ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, էլ ավելի ընկալելի ու ներկայանալի դարձնելու տարվող քաղաքականության։
Պետության ամենաառանցքային ֆենոմենն ազատությունն է։
Իրականում անկախություն ասվածը, բացի այն, որ ինքնին բացառիկ արժեք է և ունի լուրջ խորքային գաղափարական հիմքեր, ցանկացած ժողովրդի համար գերագույն հանգրվան է, և շատ կարևոր է այն փայփայել, ավելին՝ էլ ավելի խոր արմատավորված փոխանցել սերունդներին, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարիների ընթացքում՝ հատկապես 44-օրյա պատերազմին հաջորդած շրջափուլում, վկայում է այլի մասին։
Այսօր Հայաստանը դե ֆակտո զրկված է անկախ ու սուվերեն պետություն լինելու կարգավիճակից: Ավելին, Նիկոլ Փաշինյանի և իր ապիկար իշխանության կողմից ստեղծվել է մի այնպիսի պատային իրավիճակ, երբ մենք չենք կարողանում պահպանել մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Նշվածի վառ օրինակը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներխուժման փաստն է, որն առկա է առ այսօր։ Իշխանության քննադատների և ընդդիմադիրների տարբեր հարցապնդումներին ի պատասխան, իշխանական ներկայացուցիչները՝ ի դեմս Փաշինյանի, տալիս են իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ու անմեղսունակ պատասխաններ, որոնք հերթական անգամ ապացուցում են ՀՀ իշխանության խղճուկ ու անատամ լինելը։
Կհամաձայնեք՝ ցանկացած քաղաքական ուժ, իշխանության գալով, առաջնային պարտականություն է ստանձնում պետության ինքնության պահպանման համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով, իր բնորոշմամբ, հասարակությունից «պողպատե մանդատ» է ստացել, թքած ունի այն փաստի վրա, որ Սյունիքում ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են տեղադրել, ինչն ուղղակի սպառնալիք է և տեղացիների, և մայրուղով երթևեկող քաղաքացիների համար (վերջին օրերին տարբեր քաղաքացիներ խոսում էին, որ ադրբեջանցիներն ինքնաձիգերով հարվածում են անգամ մեքենաների, անցնող քաղաքացիների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում)։ Սա է փաշինյանական անկախության պատկերացումները, ինչն ուղղակիորեն անկախության կործանում է։
Անկախության մսխման մյուս գործընթացներից կարող ենք արձանագրել ազգային բոլոր արժեքների ոտնահարումը, որին ականատես դարձանք 2018-ից հետո․ տոտալ հարձակումներ սկսվեցին բոլոր այն արժեհամակարգերի նկատմամբ, որոնց վրա հենվում է յուրաքանչյուր պետություն՝ եկեղեցի, բանակ և ազգային գիտակցություն։ Այս երեք տարրերն ուղղակիորեն դարձան փաշինյանական խունտայի անմիջական թիրախը, և սկսվեց զանգվածային գրոհների ու քարկոծման գործընթաց։ Ցանկացած պահպանողական արժեք այս իշխանության համար անընդունելի է, ավելին՝ այն դիտարկվում է՝ որպես «չարիք հասարակության համար»։ Օրերս նախարարներից մեկն իր ճեպազրույցներից մեկի ժամանակ բառացիորեն ասել է հետևյալը՝ «21-րդ դարում պահպանողական լինելը կործանարար է ցանկացած պետության ու հասարակության համար»։
Անկախությունն արժեք է, որը պարտավոր են հասկանալ ու ընկալել այն կրողները։
Արմեն Հովասափյան