Կառավարության կորոնավիրուսային քաղաքականությունն ու խցանումները տրանսպորտում

Եթե աշխատանքի եք գնում առավոտյան ժամը 8-10-ի հատվածում, ու տուն վերադառնում երեկոյան ժամը 17-20:00-ի սահմաններում, ապա հնարավոր չէ երևանյան տրանսպորտային խցանումներին զուգահեռ՝ չտեսնել մարդկանցով խցանված հանրային տրանսպորտի միջոցները՝ հիմնականում առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահելու՝ մոռացած կորոնավիրուսն ու դրա վարակման հնարավորությունների մասին: Դրա մասին կարծես պատկան մարմիններն էլ են մոռացել, բայց չեն մոռանում ու պարբերաբար կրկնում են պատվաստվելու անհրաժեշտության մասին: Առողջապահության նախարարությունն ու նրա իրավաբան ղեկավարը շարունակում է պարտադիր-կամավորության սկզբունքով հորդորել քաղաքացիներին պատվաստվել: Հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակցի համար որպես այլընտրանք՝ առաջարկում է ամսական երկու անգամ 15-հազարական դրամ վճարելով՝ Քովիդ թեստեր հանձնել:

Օրեր առաջ քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային   կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք հասարակական տրանսպորտով չեն երթևեկում, չե՞ն տեսնում նստարանների փոշին, կեղտը, երբ շարունակ խոսում են ախտահանման, պատվաստման մասին, պատասխանեց, թե տեսնում են, բայց դա իրենց գործառույթը չէ:

«Տեսնում ենք, բայց պետք է նշեմ, որ Առողջապահության նախարարությունը վերահսկողական գործառույթներ չունի: Մենք ունենք տեսչական մարմիններ, որոնք այդ բոլորը պետք է ստուգեն և պարտադրեն: Ասեմ Ձեզ, որ Դուք իրավացի եք՝ միայն ախտահանումը չի, պիտի նաև մաքրվի: Այդ պահանջները ներառված են համապատասխան նորմատիվ իրավական ակտերում, և այն գործատուները, ովքեր շահագործում են տրանսպորտը, պարտավոր են դա ապահովել: Եկեք ճիշտ ասենք, դա իրենց պարտականությունն է, որ իրենք պիտի կատարեն: Չեն կատարում, դրա համար գոյություն ունի վերահսկողություն, և Դուք իրավացի եք՝ դրանք պետք է լինեն մաքուր, լվացված, նոր ախտահանված, որովհետև եթե կեղտոտ մակերեսը ախտահանենք, արդյունք չենք ստանա»,- ասել էր Նունե Բակունցը:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանումը իրենց կառույցի, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և պարեկային ոստիկանության համատեղ դիտարկումների ոլորտում է:

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ոստիկանության պարեկային ծառայության համատեղ դիտարկումն է: Օգոստոսի 19-ից սկսած ամենօրյա կտրվածքով, առանց հանգստյան օրերի, երեք գերատեսչությունները միասին և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում՝ տարբեր վարչական շրջաններում, և՛ շրջիկ խմբերով, և՛ կանգառի կետերում իրականացնում են հակահամաճարակային կանոնների պահպանման դիտարկումներ: Եթե նայեք մեր պաշտոնական էջին, ամենօրյա մամուլի հաղորդագրություններ ենք տալիս՝ որ վարչական շրջանում ինչքան է հայտնաբերվել, քանի արձանագրություն, քանի դիտարկում, մարզերինը նաև:

Գերբեռնվածության դեպքում տրանսպորտային միջոցը կանգնեցվում է, ուղևորները իջեցվում են, արդեն էլ կապ չունի՝ դիմակո՞վ են, թե՞ դիմակով չեն: Գերբեռնված եղավ՝ ուղևորները իջեցվում են: Արձանագրություն է կազմվում, լինում է, որ տեղում շտկելու ցուցում են տալիս, եթե թեթև խախտում է: Այսինքն՝ կարող է ախտահանիչ հեղուկը մեկ հատ լինի, ցուցում տանք, որ՝ ավելացրեք, երկրորդը դրեք: Այդ դեպքում նախազգուշացում է տրվում՝ գրավոր կամ բանավոր, տուգանք չի կիրառվում: Բայց հատկապես վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքում, նաև ուղևորների կողմից դիմակ չկրելու դեպքում, տվյալ տրանսպորտային գիծը շահագործող կազմակերպության ղեկավարն է տուգանվում, ո՛չ ուղևորը, ո՛չ վարորդը»,- ասաց Ելենա Զոհրաբյանը:

Եվ իսկապես, տեսչական մարմնի պաշտոնական կայքում կարելի է ամեն օր հանդիպել հայտարարությունների, թե որտեղ են դիտարկումներ անում, ինչ խախտումներ են արձանագրել: Բայց դրան զուգահեռ՝ ամեն օր կարելի է Երևանում տեսնել մարդկանցով սահմանվածից շատ բեռնված հանրային տրանսպորտի միջոցներ, կանգառներում կուտակումներ: Եվ պարզ չէ՝ տրանսպորտային գիծը շահագործող կազմակերպության սեփականատերերը զգուշացվե՞լ, թե՞ պատասխանատվության են ենթարկվել: Իսկ գուցե՞ նրանց մեղքը չէ: Պարզ է, որ մեր երկրում և հատկապես Երևանում տրանսպորտի խնդիրը դեռևս լուծված չէ, մինչդեռ, ՔՊ ներկայացուցիչ այսօր էլ պաշտոնավարող քաղաքապետը 2018թ. սեպտեմբերի 10-ին խոստացել էր, որ 1-3 տարում կլուծեն տրանսպորտի հարցը:

Խոստումից 3 տարի է անցել: Տրանսպորտի հարցը մնում է չլուծված, իսկ կորոնավիրուսի օրեցօր աճող թվերի պայմաններում այդ խնդիրն էլ ավելի է սրվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս