Ադրբեջանական քարոզչամեքենաների գերաստղը
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցին վերաբերող ելույթին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքն ըստ արժանվույն է գնահատվել Ադրբեջանում: Թշնամական երկրում Ալեն Սիմոնյանն այժմ գերաստղ է, ու նրա նկարներն ամենօրյա ռեժիմով հայտնվում են Ադրբեջանի քարոզչամեքենաների առաջին էջերին:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՄԻՊ այն զեկույցին, որը վերաբերում էր որպես պատանդ պահվող մեր ռազմագերիներին ադրբեջանական կողմից կտտանքների ենթարկելու, խոշտանգումների ու նվաստացուցիչ վերաբերմունքի արժանացնելու փաստերին:
Աննա Մկրտչյանի մեջբերումներն այդ զեկույցից Ալեն Սիմոնյանը համարեց հնարովի, թեպետ հետո ԶԼՄ-ների ճնշման ներքո հրաժարվեց, որ իր ասածները ՄԻՊ զեկույցին էին վերաբերում:
Նախ minval.az-ը հոդված հրապարակեց, որի վերնագիրն էր՝ «Հայ գերիներին Բաքվում ոչ ոք չի խոշտանգել, իսկ օմբուդսմանի զեկույցը հորինվածք է. Հայաստանի իշխանություններ»:
Իսկ երեկ արդեն այդ երկրի գլխավոր քարոզչամեքենան՝ haqqin.az-ն է անդրադարձել Աննա Մկրտչյանի ելույթին հաջորդած ԱԺ նախագահի արձագանքին՝ հանդես գալով «Հայ սպիկերը պատգամավորին սովորեցնում է Ադրբեջանի նկատմամբ պոլիտկոռեկտություն ցուցաբերել» վերտառությամբ հրապարակմամբ:
Կայքը բառացի մեջբերել է թե՛ Աննա Մկրտչյանի ելույթի այդ հատվածները, թե՛ Ալեն Սիմոնյանի արձագանքը:
«Եվ իրոք, Մկրտչյանին հասկանալը դժվար է: Նա հանդես եկավ գործող իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունների հերքմամբ»,- գրել է ադրբեջանական կայքը:
Հաջորդիվ ադրբեջանական լրատվամիջոցն անցնում է իրենց սիրած զբաղմունքին՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին քննադատելուն՝ բնականաբար, նրա զեկույցը սուտ որակելով:
«Բայց սառույցը կարծես շարժվում է տեղից: Ազգային ժողովի խոսնակի արձագանքն ու նրա վերաբերմունքը օմբուդսմանի զեկույցի վերաբերյալ հույսի կայծ է, որ հայ հասարակական գիտակցությունը և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվեն»,- եզրափակում է ադրբեջանական լրատվամիջոցը:
Դժվար է չհասկանալ, որ նման «նվերներն» Ադրբեջանում մեծ սիրով են ընդունվում: