«Ի՞նչ պետք է ասի վերածնված մի մարդ». ավագանու՝ մահափորձի ենթարկված և ապաքինված իմքայլական անդամ
Այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, որն ավելի վաղ մահափորձի էր ենթարկվել, ներկա էր քաղաքային իշխանության 7-րդ նստաշրջանի առաջին նիստին: Նա ապաքինվել և վերադարձել է «շարք»:
«Ի՞նչ պետք է ասի վերածնված մի մարդ, ով կյանքի և մահվան կռվում Աստծո հրաշքով և կամքով հաղթահարեց դաժան կռիվն ու ծայրահեղ ծանր վիճակից օր օրի սկսեց ապաքինվել, ապաքինվել օգտոստոսի 1-ին գիշերվա ժամը 1-ին դիմակավոր «թուրք բաշիբոզուկների» կողմից իմ նկատմամբ մահափորձից… Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար պետության և համայնքի շահերը պահելու համար, դա ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի նկատմամբ, իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկն այս դահլիճում կամ շենքում»,- ասաց Անտոնյանը՝ իր նկատմամբ մահափորձը կապելով ավագանու իր գործունեության հետ:
Ավագանու անդամի՝ ելույթն ավարտելուց հետո Հայկ Մարությանը սեղմեց վերջինի ձեռքն ու ողջագուրվեց նրա հետ:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ ապօրինի մուտք էր գործել Արման Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և դանակի 11 հարված հասցրել կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպել են Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն էլ հայտարարություն էր տարածել, նշելով, որ իրենց կարծիքով՝ կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ: Հաղորդագրությունում այլ մանրամասներ չէին հայտնել, հիմնավորելով, որ չեն ցանկանում խանգարել նախաքննության ընթացքին։