Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանը: Մինչև նիստի օրակարգին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների՝ մանդատները վայր դնելու մասին: Սա կարծես արդեն ավանդույթ է դարձել:

«Տեղեկացնում եմ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին»,- ասաց Մարությանը և շնորհակալություն հայտնեց նրան համատեղ բեղմնավոր աշխատանքի համար:

Հիշեցնենք՝ Սուրեն Էյրամջյանը դեռ փետրվարին էր հայտնել իր հնարավոր հրաժարականի մասին, և դա պայմանավորել էր առողջական խնդիրներով: Հայկ Մարությանը հայտնեց նաև, թե ով կգլխավորի իրենց խմբակցությունը:

««Իմ քայլը» խմբակցության կողմից խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը: Խմբակցության քարտուղար է ընտրվել Լևոն Հովհաննիսյանը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նաև հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արտաշես Ջավադյանը, որը պետք է փոխարիներ նախորդ նիստում ավագանու մանդատ ստացած և դրանից հրաժարված Արտյոմ Հակոբյանին, որն էլ իր հերթին պետք է փոխարիներ պատգամավոր դարձած Հռիփսիմե Հունանյանին: Երրորդ փորձից հնարավոր եղավ տեր գտնել այս թափուր մնացած մանդատի համար:

«Արտաշես Ջավադյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Տիգրան Խաչատրյանին»,- ասաց Մարությանը:

Տեսանյութեր

Լրահոս