Արցախն ապագա է. Արծվիկ Մինասյանը՝ Արցախ բառով հանձնաժողով ունենալն «անցյալին միտված» համարող ՔՊ-ականին  

Այսօր ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում Արցախ անունով հանձնաժողով ունենալու նախագիծը որակեց «անցյալին միտված»:

Այս նախագիծը սեպտեմբերի 10-ին նշված հանձնաժողովի քննարկմանն էր դրվել «Հայաստան» խմբակցության առաջարկով:  ՔՊ-ն ձեռնպահ էր քվեարկել:

«Մենք պետք է շատ ուշադիր և շատ լուրջ աշխատանք իրականացնենք՝ ելնելով այն մարտահրավերներից, որ այսօր ծառացած են Հայաստանի և Արցախի առջև, և այստեղ մենք, ըստ էության, համակարծիք ենք, բայց, կներեք, ներկայացված նախագիծը բացարձակ չէր լուծում այդ խնդիրները, չէր անդրադառնում այդ հարցերին, որովհետև նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր ՀՀ և Արցախի Հանրապետության ԱԺ-ների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ԱԺ նախագահները՝ ՀՀ և ԱՀ: Այս պարագայում այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել զուտ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ, սխալ է: Առաջարկվող լուծումների մի մասը՝ այսինքն՝ իրավասությունների ոլորտների կամ գործառույթների մի մասն արդեն իսկ ընդգրկված են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իրավասության ոլորտում, գործառույթների մի մասը վերապահված են այլ հանձնաժողովների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների, Պետաիրավական, Պաշտպանության և անվտանգության հարցերի: Ելնելով նշվածից՝ առաջարկ է եղել ձեռնպահ մնալ այդ նախագծի ընդունումից: Ինչ վերաբերում է Արցախի հարցի հետ կապված մնացած քննարկումներին, ապա կան այլ ձևաչափեր, այլ գործիքակազմ, որը առավելապես ուղղված է ապագային և առավելապես այնպես է մշակված ի սկզբանե, որ մենք հնարավորություն ունենանք անդրադառնալ այդ մարտահրավերներին: Նախագիծը, հանձնաժողովի ընկալմամբ, ըստ էության,  չէր լուծում որևիցե գործնական հարց, այն միտված էր ավելի շատ անցյալին, քան ապագային, և հանձնաժողովը զերծ մնաց այս նախագծին դրական եզրակացություն տալուց: Հաշվի առնելով այս ամենը՝  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է իր գործընկերներին՝ չմասնակցել այս հարցով քվեարկությանը»,- ասաց Վարդանյանը:

ՔՊ-ական պատգամավորի ելույթին հակադարձեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Արցախը, Արցախի Հանրապետությունն ապագա է, միայն անցյալ չէ, կամ ներկա»:

Տեսանյութեր

Լրահոս