«Ես ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին կոչ անել, որ չտրվեն այդ կարգի սենտիմենտներին. Քաղաքական որոշումը կայացված է». Փաշինյանը՝ համայնքների միավորման մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։
«441 համայնք միավորվում է 37 համայնքային փնջով: 36-ը նոր միավորումներ են, Ջերմուկ խոշորացված համայնքից 2 բնակավայր միացնում ենք Վայք խոշորացվող համայնքին: ՀՀ-ում այս գործընթացի ավարտից հետո կունենանք 77 համայնք և մայրաքաղաք Երևանը։ Ընդհանուր առմամբ, 78 համայնք, որոնցից 8-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված՝ այդ 8-ից 2-ը՝ միավորված, 6-ը՝ առանձին համայնքներ»,- նշեց Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս հարցով կդիմի Ազգային ժողովին, որպեսզի հարցն ընդգրկվի արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 24-ին քննարկելու համար:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտադրումով պարզաբանեց. «Այս փաթեթը շատ կարևոր է ոչ միայն վարչատարածքային բարեփոխումների տրամաբանության մեջ, այլև ես ուզում եմ ընդգծել, որ կարևոր է նաև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ, որովհետև բոլոր, ըստ էության, խոշորացված համայնքներում այլևս տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, որտեղ, ըստ էության, քաղաքապետի ընտրությունը զուգորդվում է ավագանու ընտրությունների հետ, և ընտրությունները տեղի են ունենում կուսակցական ցուցակներով, և սա մեր կարևոր խոստումներից է եղել ժամանակին»:
Գործադիրի ղեկավարը ասաց նաև, որ 2018 թվականից կարևոր ուղեգիծ են որդեգրել՝ սուբվենցիոն համակարգերը դնելով տարածքային համաչափ զարգացման տրամաբանության հիմքում:
«Իհարկե, խոշորացման գործընթացը միշտ ամենատարբեր քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել, և տարբեր քննարկումներ կան բնակավայրերի շահերի պաշտպանության տեսակետից, և այս շահերն առավել արդյունավետ պաշտպանելու համար է նաև, որ զուգահեռ ներմուծվել է համամասնական ընտրակարգն ընտրությունների, ինչը մեծացնում է քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական վերահսկողության հնարավորությունը ՏՒՄ մարմինների նկատմամբ,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին կարգավորում էին մտցրել, որը համայնքների պարագայում որոշակի մեխանիզմներ էր ենթադրում՝ տեղական հանրաքվեի հնարավորություն թողնելով,- Բայց այդ կարգավորումը վիճարկվեց ՍԴ-ում և ՍԴ-ի կողմից համարվեց հակասահմանադրական, հետևաբար՝ այս հարցն ամբողջությամբ այսօր պիտի արձանագրենք, որ քաղաքական որոշման տիրույթում է՝ Կառավարության և Ազգային ժողովի: Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում նույնպես շատ մանրամասն քննարկումներ են տեղի ունեցել այս առումով, և, ըստ էության, մենք ձևավորել ենք շատ թե քիչ համաձայնեցված լուծում»:
«Պարզ է, որ էստեղ կան շահեր. պատկերացրեք՝ եթե մենք 30 համայնք միավորում ենք և դարձնում ենք 1 համայնք. ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ այդքան համայնքի ղեկավար, աշխատակազմ և այլն… Մանավանդ այն պարագայում, երբ համայնքներում նաև որոշակի ավանդույթներ կան (ոչ բոլոր տեղերում), և հասկանալիորեն փորձ պետք է արվի նաև այնտեղ, որտեղ հնարավոր է կրքեր բորբոքել:
Ես ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին կոչ անել, որ չտրվեն այդ կարգի սենտիմենտներին: Ամենատարբեր հիմնավորումներ են բերում՝ բա ոնց կլինի մեր համայնքը, մյուս համայնքը… դարավոր ինչ-որ հարցեր կան լուծելու: Քաղաքական որոշումը կայացված է, և մենք պետք է գնանք այս ճանապարհով: Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ, այո, խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: