«Երբ բոլոր հայերը գերեզմանում են, այդ ժամանակ Ադրբեջանի համար խաղաղ է». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Հայաստան ունի հնարավորություն՝ Արցախի հարցի վերաբերյալ սպասվող բանակցություններում շահեկան դիրքերից հանդես գալու, բայց ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն օգտագործի այդ հնարավորությունը:

«Խաղաղության դարաշրջան չի լինելու. Միակողմանի խաղաղություն չկա: Եթե Հայաստանն ունակ լինի որևէ տեղ փախչել այս տարածաշրջանից՝ միգուցե, բայց ո՞ւր ենք փախչելու՝ դեպի Արևմո՞ւտք, թե՞ Արևելք: Արևմուտքում մի թշնամին է, Արևելքում՝ մյուսը, որտե՞ղ ենք փախչելու: Իսկ միակողմանի չի ստացվելու. որպեսզի խաղաղություն լինի՝ պետք է միակողմանի, եռակողմանի լինի: Երկկողմանի գաղափարի մեջ առնվազն ունենք մեկ թշնամի, որն ասում է՝ Երևանն էլ է իմը, Զանգեզուրն էլ, Սևանն էլ, եռակողմանի, քառակողմանի՝ տարբեր շահերի բախումներ են գալիս: Գուցե Ադրբեջանն էլ է ցանկանում խաղաղություն, բայց իր նկարագրած խաղաղությունը՝ երբ բոլոր հայերը գերեզմանում են, այդ ժամանակ իրենց համար խաղաղ է: Գերեզմանում էլ է խաղաղություն լինում, իսկ ինձ համար խաղաղությունը հաղթանակած խաղաղությունն է, այլ պարագայում պետք է փախչել: Ես Հայաստանում փախչելու ձևը գիտեի, դա էլ արդեն չգիտեմ: Այլ պարագայում խաղաղություն չի լինելու, դա մեծագույն մանիպուլյացիան է, որն այսօր անում ենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետը նկատեց՝ ինքը միշտ ասել է, որ պետք է պատրաստվել պատերազմի. «Հիմա էլ եմ ասում՝ պատերազմ է լինելու, պետք է պատրաստվենք պատերազմի: Միակ ձևը, որ կարող ենք այստեղ գոյատևել՝ այն է, որ մեր հայրենիքը վերականգնենք և հաղթանակած խաղաղությամբ ապրենք: Այլ պարագայում խաղաղություն ասվածը մանիպուլյացիա է: Մեր թշնամին խաղաղություն չի ցանկանում. Ուզում եք՝ հայտարարեք դար, ուզում եք հայտարարեք՝ երեք դար՝ անընդմեջ խաղաղության բացման, չի՛ լինելու: Մենք այսօր էլ խաղաղություն չունենք»:

Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործիքով հնարավոր է թիրախին խփել. «Որևէ ՄԽ համանախագահող երկրի ղեկավար այլևս երեսով չի տա, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Աշխարհում որևէ մեկը երեսով չտա, և ամենակարևորը՝ մեր թշնամին չտա: Կլինի դա ինքնորոշման իրավունք կամ անջատում՝ հանուն փրկության, ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը, եթե Ադրբեջանն ունի տարածքային խնդիրներ, պատրաստ պետք է լինի Ստեփանակերտի հետ նստել բանակցությունների, իրենք իրենց խնդիրները լուծեն, ես էլ ինչքանով կարողանալու եմ՝ օգտակար եմ լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս