Նոր նախագծով՝ գազով աշխատող մեքենաները պետք է պարտադիր վկայագրում և ստուգումներ անցնեն
ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել:
Այդ նպատակով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օրենսդրական փոփոխությունը։
Նպատակը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու միասնական համակարգ ձևավորելն է:
Նախագիծը սահմանում է, որ «ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից»:
Նշվում է, որ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` «լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»։
Նախատեսվում է նաև ձևավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները։
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի կարծիքով՝ նախագիծը լավն է:
«Փաստացի լիցենզավորում են, ու ով առանց լիցենզիա աշխատեց, լավ չի լինի: Սրանով կվերանա ամեն «բուդկայում» գազաբալոն տեղադրելու մշակույթը: Ուղղակի հարկավոր է մշակել վերահսկողության մեխանիզմներ։ Այսինքն՝ վերահսկի ու տուգանի ոչ միայն լիցենզավորողը, այլ, օրինակ, նաև հարկային մարմինը»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ սա վերաբերում է ոչ թե ներկայիս շահագործվող մեքենաներին, այլ ապագայում գազաբալոն տեղադրող մեքենաներին: Նախկինում տեղադրվածին չի վերաբերի, որովհետև թե՛ իրավական առումով, թե՛ գործնականում անհնար կլիներ:
«Հայաստանը, կարծեմ, 2008 թե 2010 թվականից սկսած ամեն տարի գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում, որտեղ մոտ 80% ավտոպարկն այլընտրանքային վառելիք է օգտագործում: Մինչ այդ եղել է Շվեյցարիան՝ մոտ 5 % ավտոպարկով։ Այսինքն՝ մոտ 400-500.000 մեքենա ներկայացնել բալոնի ստուգման՝ դա խենթություն է»,- նշեց վարորդների իրավունքների պաշտպանը:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը ևս վստահ է՝ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը կբարձրանա:
«Նախագծի հիմքում այն է, որ բոլոր բալոնները պետք է փորձարկված լինեն, և երբ վարորդները բոլորը սկսեն տանել փորձարկման: Հի՞ն գազաբալոններ են, թե՞ նոր՝ դա նշանակություն չունի, պետք է բերեն փորձարկման, որից հետո կպարզվի՝ դրանք խոտանման ենթակա՞ են, թե՞ ոչ»,- ավելի վաղ մանրամասնել էր Մկրտիչ Տիգրանյանը՝ հավելելով, որ վարորդներն ընդհանրապես գազաբալոնները ստուգման չեն բերում ու գերակշիռ մասը բալոնները չփորձարկված վիճակում է վարում, և երբ այս նախագիծն ընդունվի, ինչ-որ բան կփոխվի, ու որոշ քանակության խոտան գազաբալոնները, որոնք հիմա շահագործվում են, ի հայտ կգան ու հետագայում չեն օգտագործվի:
Սրանով վտանգի ռիսկը կպակասի, քանի որ չփորձարկված գազաբալոնները հաճախ մեքենաների պայթելու պատճառ էին հանդիսանում: