Ի՞նչ ասել է Ադրբեջանի հետ «գրագետ համագործակցություն», ինչպիսի՞ն է պարտք-դրամաշնորհ հարաբերակցությունը ԵՄ-ի կողմից տրամադրվող 2.6 միլիարդ եվրո աջակցության ծրագրում. պարզաբանում է նախարարը

Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչներ՝ տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ, ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «Fvw DRV Destination Forum» միջոցառմանը, որը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները: «Fvw DRV Destination Forum»-ն անցկացվելու է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը։

Միջոցառմանը նվիրված ասուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց  Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանում «Fvw DRV Destination Forum» միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու համար։ Նախարարը կարևորեց նմանատիպ միջոցառումները՝ նկատելով, որ դրանք օգնում են ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլայնել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին, և այս չորսօրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական և զբոսաշրջային կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության և շահագրգռվածության մասին»,- ասաց Վ. Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

168.am-ը Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե կառավարությունն ինչպե՞ս է կառավարում հետպատերազմական իրավիճակում հատկապես սահմանամերձ շրջաններում պահպանվող ռիսկերը, ի՞նչ ասել է՝ Ադրբեջանի հետ «գրագետ համագործակցություն» (ինչի մասին նշել է նախարարն իր վերջին հարցազրույցներից մեկում , թե ի՞նչ միջոցներով են իրականացվելու Կառավարության ծրագրում «Զբոսաշրջության» ոլորտում նախատեսվող միջոցառումները, և, թե պարտք-դրամաշնորհ հարաբերակցությունն ինչպիսի՞ն է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2.6 միլիարդ եվրո աջակցության ծրագրում:

Ի պատասխան՝ Քերոբյանը նշեց. «Մենք բազմիցս ենք ասել և շարունակում ենք կրկնել, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգ է, և մեր աշխատանքը պետք է ուղղված լինի, որպեսզի մենք չեզոքացնենք առկա այն փոքր-ինչ ռիսկերը, որոնք դեռևս կան, և ամրապնդենք մեր սահմանները խաղաղության օրակարգի շուրջ:

Հենց դա էլ հասկանում եմ Ադրբեջանի հետ գրագետ համագործակցություն, որպեսզի մենք դադարենք բացառապես իրար ինչ-որ բաներում մեղադրելը, այլ համագործակցող և ընդհանուր եզրեր գտնելով՝ կարողանանք այնպես անել, որպեզի մեր ընդհանուր աշխատանքը գնա դեպի խաղաղություն, և ոչ թե հակառակը՝ դեպի պատերազմ:

Ինչ վերաբերում է 2021-2026 թվականի ծրագրին և, մասնավորապես, տուրիզմի հատվածին, ապա տուրիզմն ինքը Հայաստանի ամենամեծ արտարժութային ներհոսք ապահովող աղբյուրներից է, և տուրիզմը կարող է ինքն իր գլուխը պահի: Եվ հենց այն միջոցները, որոնք գալիս են Հայաստան, այդ միջոցների մի փոքր մասը ներդրվելու է հետ՝ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև՝ մարքետինգային ջանքերի բազմապատկման ուղղությամբ»:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 2.6 միլիարդ եվրո աջակցությանը՝ նախարարը թվարկեց ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն այդ ծրագրով, ապա նշեց.
«Այս ծրագրերի մեջ գումարները բաշխվելու են դրամաշնորհների, վարկերի, արտոնյալ վարկերի և երաշխիքների գործիքների միջոցով:

Այս պահին բաղադրությունը, թե ինչքան կլինի դրամաշնորհ, ինչքան կլինի ֆինանսական գործիքներ՝ դժվար է ասել. դրանք ավելի պարզ կլինեն, երբ մենք անցնենք արդեն զուտ ուղիղ ծրագրերի իրագործմանը: Կարող եմ ասել, որ այդ ամբողջ գումարը չի լինի պետական պարտք. դրա մի մասը կլինի նաև մասնավոր գործարքների միջոցով»:

Լրագրողները նաև ճշտեցին, թե ինչ ազդեցություն են թողել սահմանային վերջին իրադարձությունները հատկապես Սյունիքի ուղղության վրա:

«Սահմանին վերջին շրջանում և հատկապես վերջին օրերի իրադարձությունները արդյոք հետևանք թողե՞լ են այդ ուղղության զբոսաշրջության վրա, թե՞ ոչ: Քիչ առաջ նախարար Քերոբյանը խոսեց Ադրբեջանի հետ գրագետ հարաբերություններ կառուցելու և խաղաղ օրակարգի մասին, ու նաև քիչ առաջ հայտնի է դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին կրկին զինծառայող զոհ ունենք»,- նշեց լրագրողը:  Նախարարն արձագանքեց.

«Սյունիքը եղել և մնում է մեր զբոսաշրջային ուշադրության կենտրոնում: Գիտեք, Սյունիքում բազմաթիվ են գրավիչ կետերը, զբոսաշրջային վայրերը, որտեղ մենք հրաշալի ժամանակ կարող ենք անցկացնել, և Հայաստան ժամանող հյուրերը՝ նույնպես:

Եվ մենք հիմա էլ շարունակում ենք ենթակառուցվածքների մեջ խոշոր ներդրումներ անել Գորիսում, Հին Խնձորեսկում, Մեղրիում հիմա մեծ ծրագիր ենք սկսում: Եվ այս ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում հիմա, մենք համարում ենք, որ սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծել, և այդ խնդիրները, բնականաբար, մենք միտված ենք լուծել, և ստրատեգիական տեսանկյունից, երկարաժամկետ տեսանկյունից մենք, բնականաբար, որևէ կերպ չենք նսեմացնում Սյունիքի զբոսաշրջային դերը Հայաստանի ընդհանուր զբոսաշրջային արժեքի մեջ:

Սահմանային միջադեպեր, իհարկե, տեղի են ունենում, ես նոր իմացա, ցավում եմ զոհված զինծառայողի բարեկամների համար, բայց թե՛ մենք, թե՛ մեր միջազգային գործընկերները պետք է ջանք չխնայենք, որպեսզի օր առաջ բացառենք նման դեպքերի տեղի ունենալը: Ես, գիտեք, մասնակցել եմ 44-օրյա պատերազմին և շատ եմ գնահատում հայրենիքի դերը և շատ եմ գնահատում նաև խաղաղության դերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս