Մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է. Էնջի
Ի՞նչ է անհրաժեշտ հասկանալու համար՝ որ աշխատանքն է մեզ երջանկացնելու: Բացարձակ ազատություն, հոգու թռիչք և պատրաստակամություն փորձելու նորը:
Էնջիի պատմությունը լավագույնս կարող է ոգեշնչել մեզ՝ գտնելու այն աշխատանքը, որը ներդաշնակում է մեր աշխարհին: Էնջիի տարերքը կավն է, որը հոբբիից վերածվել է կյանքի առանցքի։ Կավի հետ ամեն հպումն, ամեն նոր ստեղծագործություն զգացողությունների ու լիցքերի մեծ ալիք է հաղորդում նախկին լրագրողին:
«Կավով աշխատելը երբևէ երազանք չի եղել, նույնիսկ դուրգով աշխատանքը, որը շատ-շատերի համար նվիրական երազանք է, ինձ մոտ չի եղել, փոխարենն ամբողջ կյանքում սիրել եմ նկարելը: Հիշում եմ, երբ երեխա ժամանակ ինձ գումար էին տալիս, ասենք, քաղցրավենիք գնելու համար, դրա տեղակ տետր ու գրիչ էի գնում, որ նկարեմ: Սակայն ծնողներս համոզված էի՝ մարդ ցանկացած տարիքում կարող է նկարել կամ նկարել սովորել, իսկ երաժշտական կրթութուն ստանալ՝ ոչ, դրա համար ինձ տարան Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, որտեղ 7 տարի սովորեցի դաշնամուր նվագել, երգեցի երգչախմբում, և դա իմ մշակութային զարգացվածության վրա մեծ ազդեցություն ունեցավ: Ապա շատ տարիներ անց «Տերակոտա» արվեստի ստուդիայի մասին պատմող թռուցիկ ընկավ ձեռքս, կավից աշխատանքներն այնպես հավանեցի, ցանկացա ինքս փորձել: Այնպես ստացվեց, որ ստուդիայի հիմնադրի՝ Նանա Մանուչարյանի հետ հարցազրույց արեցի հենց «Տերակոտա»-ում, խելահեղորեն սիրահարվեցի այդ աշխարհին, իսկ ամիսներ անց սկսեցի հաճախել խեցեգործության, ինչը շատ վճռորոշ նշանակություն ունեցավ ինձ համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Էնջին` շարունակելով.
«Սկզբում կավով աշխատելն ինձ համար մաքուր հոբբի էր, լիցքաթափվելու տեղ, ուր ինչ տրամադրությամբ էլ գնայի, ամեն ինչ փոխվում էր դեպի լավը, միշտ, մինչև այժմ, ասես, լվացվես, հոգիդ մաքրվի, խաղաղվի, գտնես քո տեղը․․․ Իսկ ինչ-որ ժամանակ անց, երբ իմ կյանքում հայտնվեց ինձ ամեն հարցում աջակցող, ոգեշնչող ամուսինս, և ես զգացի, որ ազատ եմ լինելու և անելու ցանկացած բան, հասկացա, որ իրականում ուզում եմ կյանքս ստեղծագործելով ապրել, և որ դա չլինի պարզապես հոբի, առօրյա խնդիրներից կտրվելու միջոց, այլ կյանքի առանցք։ Այդպես էլ ստացվեց։ Ի դեպ, կավը շատ զգայուն նյութ է, և անմիջապես զգում է քո վերաբերմունքի փոփոխությունն ու բոլորովին այլ կերպ է սկսում ենթարկվել քեզ։ Վերջերս իմ վարպետը՝ Նանան, ինձ ասաց՝ Էնջի, ձեռքդ շատ է բացվել, վարպետացել ես, հա՜։ Դա ամենամեծ գնահատականն էր ինձ համար, որովհետև Նանան տեսել է իմ ծուռտիկ առաջին քայլերը, իսկ հիմա՝ երեք տարի անց նման բան լսելը շատ ոգեշնչող էր»:
Ամենսովորական օրը կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար: Պատահական կամ պլանավորված հանդիպումը, կարճ զբոսանքը և անգամ թանգարան այցելությունը կարող են փոխել մեր կյանքի ընթացքը և ցույց տալ այն ճանապարհը, որը կարող է տանել իրական երջանկության: Էնջիի պատմությունը թանգարան այցելությունն է խմբագրել. «15 տարեկան էի, երբ մայրս ինձ առաջին անգամ տարավ Փարաջանովի թանգարան․ այդ օրվա ստացվածս տպավորությունները թարմ են մինչև այժմ։ Ես ապշած էի, թե ինչպես կարելի է անպետք, առաջին հայացքից աղբ թվացող տարբեր առարկաներից ստեղծել արվեստի գործեր: Դա ինձ այնքան էր տպավորել, որ ես հենց այդ տարիքից էլ սկսեցի հավաքել տարբեր իրեր՝ չիմանալով ինչպես եմ ի վերջո օգտագործելու դրանք: Տարիներ շարունակ սենյակս ամբողջությամբ լցված էր արկղերով, որոնք առաջին հայացքից հենց աղբ էլ հիշեցնում էին, և դա մշտական կոնֆլիկտի թեմա էր մայրիկիս հետ, մինչև սկսեցի խճանկարներ պատրաստելն ու հավաքածս իրերը վերջապես գտան իրենց տեղը»:
Այժմ Էնջին պատրաստում է խճանկարներ, հիմնականում հայելու շրջանակներ և ոչ միայն՝ օգտագործելով ջարդված ամանեղեն, հին սալիկներ, կիսաթանկարժեք քարեր, ուլունքներ, կավից պատրաստված մասնիկներ և այլն։ Իսկ այս պատմությունը մի սխալի արդյունք է, որը փոխանակ հուսահատեցնելու, սկիզբ է դրել ստեղծագործական կարիերայի նոր էտապին․ «Ես Pinterest-ից չեմ օգտվում, ինձ համար սկզբունք է այլոց աշխատանքները չկրկնօրինակելը, բայց մի անգամ մի շատ սիրուն ու հետաքրքիր ափսե էի տեսել նույն Pinterest-ում և որոշել էի ինքս դրանից պատրաստել։ Բավականին բարդ ու աշխատատար գործ էր, որովհետև սովորական ափսե չէր, փորձեցի ինքս տակից դուրս գալ՝ առանց վարպետներիցս օգնություն խնդրելու, բայց չստացվեց իմ ուզածը։ Մեր աշխատանքային կավն էլ այնպիսին է, որ երբ դրանով մի քիչ երկար ես աշխատում, հեղուկը ցամաքում է և քիչ-քիչ գրեթե անպիտան է դառնում։ Ես էլ շատ զգայուն եմ այդ հարցում, չես սիրում նյութ փչացնել։ Այդ ժամանակ որոշում եմ օգտագործածս կավը լցնել խխունջների ֆորմայի մեջ։ Ստացվում է 10-15 կավե խխունջ, որոնցով որոշում եմ պատրաստել իմ առաջին խճանկարը։ Փաստորեն իմ անհաջողության շնորհիվ փորձում եմ մի բան, որն ինձ առաջին պահից շատ դուր է գալիս․ հասկանում եմ, որ վերջ, ես գտել եմ՝ ինչ պետք է անեմ: Շատ կարևոր է, որ երբ մեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, ոչ թե թևաթափ լինենք, այլ փորձենք գտնել, թե դրանում ինչ նշան ու հուշում կա, որը մեզ կարող է ավելի լավ տեղ տանել»:
Էնջին, ասես, ջրահարս լինի․ երջանկանում է ջրից, ոգեշնչվում է օվկիանոսից և իր աշխատանքներում արտացոլում է այն ներքին զգացողությունները, որոնք առաջանում են ջրի խորհրդավոր աշխարհից. «Ծովն իմ ամենասիրելի թեման է, երազում եմ ծովի կողքին ապրելու մասին: Ինձ շատ դուր է գալիս ծովի, օվկիանոսի մանրամասն չուսումնասիրված, միստիկ լինելը: Օվկիանոսի խորքը միակ տեղն է այս մոլորակի վրա, որտեղ մարդը չի ներխուժել և իրենով չի արել ամբողջությամբ․ դա շատ է ինձ ոգեշնչում»:
Մեզնից շատերը, այդ թվում և ինքս, հրաժարվում ենք մեր երազանքներից՝ վախենալով ֆինանսական դժվարություններից: Իսկ կարծրատիպերն այդ ստեղծում է հասարակությունը, իբրև թե արվեստով հնարավոր չէ գումար վաստակել: Էնջին կարծրատիպը կարծրատիպի ետևից կոտրելով անցնում է իր կյանքի խճանկարով, ընթացքում ստեղծելում արվեստի նմուշներ և վաճառելում դրանք իր արվեստը գնահատող մարդկանց. «Արվեստանոցում, որտեղ աշխատում էի, շատ տարաբնույթ մարդիկ էին գնում-գալիս. նրանց բոլորին տպավորում էին իմ հայելիները, այդպիսի մարդ չկար, որ չգար, չուսումնասիրեր գործերս, ու ես զգում էի, որ դրանք մարդկանց դուր են գալիս:
«Եղել է այնպես, որ աշխատանքներս այնքան հավանեն, որ հատուկ պատվեր անեն, եղել է, որ արդեն իսկ պատրաստի գործերիցս սիրել ու գնել են, պատահել է նաև, որ չեն իմացել՝ հայելին տան որ անկյունում կախեն, և երկրորդն են պատվիրել՝ երկու սենյակների համար։
Այո, աշխատանքներս բարձր գնահատող մարդիկ կան: Եվ քանի որ դրանք շատ կիրառական են՝ մարդիկ սիրում են հայելիներ, սիրում են իրենց նայել, նկարվել հայելու մեջ, մեծ մասամբ նաև դա է նպաստում իմ հաջողությանը»:
Եթե իրականում հանդիպեք Էնջիին՝ նրան հեշտությամբ կպատկերացնենք Նյու Յորքում, որտեղ նա պատրաստվում է բնակություն հաստատել մոտ ապագայում: Կտեսնենք նրան փողոցներում զբոսնելիս, իր արվեստանոցի համար ծաղիկներ գնելիս: Իսկ հանդիպելու առիթն իրեն ուշացնել չի տա. Էնջին մտադրություն ունի իր աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպելու. «Ուզում եմ, որ մարդիկ ոչ միայն նկարով տեսնեն գործերս, այլ գան, իրենց աչքով տեսնեն, որովհետև իմ աշխատանքներում շատ խաղաղություն կա, հանգստություն, լավ էներգիա. ես երբեք վատ տրամադրությամբ չեմ մոտենում աշխատասեղանիս․ պետք է շատ լավ լինեմ, որ իմ ներսի լավը փոխանցեմ գործերիս, և այդ լավը գնա հասնի լավ մարդկանց ու լավ բաներ բերի նրանց կյանք․․․ այսպիսի սիրուն շթղա»:
Էնջին լիահույս է, որ Նյու Յորքում նույնպես կստացվի սիրելի գործով զբաղվել. «Դա ինձ համար սկզբունք է․ կարծում եմ՝ կյանքը շատ թանկ և շատ կարճ է, որ մենք այն վատնենք չսիրած գործով զբաղվելու վրա, անենք բաներ, որոնք մեզ երջանկություն չեն բերում, բավարարվածություն չեն պատճառում, մեզ ավելի ինքնավստահ չեն դարձնում, հակառակը՝ կոտրում են մեզ, սահմանափակում են մեզ: Ես իրոք համարում եմ, որ դա մեծագույն հանցագործություն է մեր հոգու, մեր ներսի աշխարհի հանդեպ, ու շատ մարդիկ են այդ թակարդի մեջ․ չեմ ուզում լինել նրանցից մեկը: Ու անկեղծ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր այդ վիճակում են»:
«Ինձ համար ստեղծագործելն առանձին ուրիշ աշխարհ է, որը կապ չունի արտաքին աշխարհի հետ՝ ոչ Հայաստանի, ոչ Ամերիկայի, ոչ երկիր մոլորակի առհասարակ․ դա իմ աշխարհն է, որտեղ ես լավ բաներ եմ անում, վստահ եմ, որ լավ բան եմ անում, որովհետև իմ հոգին ներդաշնակ է այդ ամենի հետ: Փորձում եմ թույլ չտալ դրսի աշխարհում կատարվողը գա ու լցվի իմ աշխարհ: Դրսի աշխարհի իրադարձությունները կարող են ինձ շատ ցավեցնել, մտահոգել, բայց ես չեմ ուզում, որ դա ազդեցություն ունենա իմ ստեղծագործական աշխարհի վրա»,- մեզ հետ զրույցում պատմեց Էնջին:
Մենք ոչ միայն սովորում ենք աշխատել, այլև սովորում ենք աշխատանքից: Կավն անհամբեր Էնջիին համբերություն է սովորեցրել. «Կավը ընհանրապես տանել չի կարողանում անհամբերություն: Ես իմ բնույթով շատ անհամբեր մարդ եմ, այդ պատճառով սկզբում խեցեգործությունն ինձ ընդհանրապես չէր տրվում․ արագ արդյունքի էի սպասում։ Բայց կավի հետ պիտի համբերություն ունենաս, պիրտի սեր տաս, սպասել կարողանաս։
Շատ համբերատար եմ դարձել կավի հետ: Կախարդական զգացողություն է շոշափելը մի բան, որը դու ես պատրաստել, որը գոյություն ունի քո ձեռքերի, քո համբերատար աշխատանքի շնորհիվ»:
Եթե հետևում եք Էնջիի ինստագրամյան էջին (եթե չեք հետևում, ուղղեք այդ սխալը), ապա տեսել եք նրա հրապարակումներն ազատության մասին: Ազատություն է ստեղծագործելը, ազատություն է օվկիանոսը, ազատություն են մեր ցանկությունները, որոնք պետք է իրականություն դառնան. «Ես շատ վաղ տարիքից այնպես եմ արել, որ ընտանիքս հարգի իմ ցանկացած որոշում, ընտրություն: Կարծում եմ՝ մեր հասարակությունում դա էլ է խնդիր․ մենք ապրում ենք մամայի, պապայի, տատիկի, պապիկի, բարեկամների, հարևանների կարծիքի համար, իրենցից թույլտվություններ ենք ակնկալում, մինչդեռ մենք առաջին հերթին պետք է լսենք մեր ներքին ձայնը ու զբաղվենք նրանով, ինչը մեզ իրապես երջանկացնում է: Ցավոտ թեմա է, շատ: Ես ամբողջ կյանքում վստահ եմ եղել, որ ազատությունից կարևոր ոչինչ չկա, սեփական ձայնն այն ամենաթանկն է, որ ունենք, իսկ կարծրացած սահմանները պետք է անցնել, հաղթահարել, և դրական արդյունքն ապահոված կլինի: Ընթերցողներին էլ խորհուրդ կտամ հետևյալը՝ եթե ինչ-որ բան կա, որ ուզում եք անել, զգում եք՝ դա ձերն է, բայց կաշկանդվում եք կամ ձեզ թույլ չեն տալիս անել այդ բանը, պարզապես վերցրեք ու կոտրեք այդ շղթաները, դուք դա կարող եք»:
Անի Գաբուզյան