ՄԱԿ-ի ԱԽ-ն խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի ԱԽ-ն:
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են 2021 թվականի օգոստոսի 26 -ին Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած սարսափելի հարձակումները», – ասված է հայտարարության մեջ:
ԱԽ-ն նաև ընդգծել է ահաբեկչական գործողություններ կատարողներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Պայթյունները տեղի են ունեցել Քաբուլի օդանավակայանի մոտ, նրանցից մեկը ՝ «Բարոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, լրատվամիջոցների տվյալներով, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիները: