«Ասել եմ, որ ժամանակին իրենց նմանները մեզ նմաններին վերացրեցին, հետո արդեն սկսեցին խնդիր ունենալ իրենք»․ Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս 2019 թվականին՝ իր հարցազրույցներից մեկում, այնուհետև՝ 168.am-ի տաղավարում «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել էր, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր է, իրեն հարստահարել է։
Աղազարյանն ասել էր, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության վաճառած ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել, և Սուքիասյանն իր մոտ ինչ-որ մարդկանց է ուղարկել պահանջելու պարտքը, ինչից հետո նա ստիպված է եղել մատչելի գնով վաճառել իր խանութի ապրանքը։
168.am-ը Հովիկ Աղազարյանից հարցրեց, թե արդյո՞ք այս մասին նա հիշեցրել է Խաչատուր Սուքիասյանին, քանի որ վերջինիս հետ նույն խմբակցությունից՝ իշխանության մաս են կազմում և աշխատում են խորհրդարանում։
«Նա ոչ թե բիզնեսներն է իմ մոտից խլել, այլ եղավ մի ժամանակահատված, որ ես վարձակալական սկզբունքներով խանութ էի աշխատեցնում, և այդ ժամանակ կար մի աշխատակից, ում հետ աշխատում էինք։ Նա սպասարկում էր Սուքիասյանի բիզնեսներից մեկը, նա ալյուր էր մատակարարում մեր խանութին, մենք էլ՝ տեղի փռերին։ Այնպես եղավ, որ չկարողացա գումարը ժամանակին հավաքել և պարտք մնացի։ Խնդրեցի, որ 5-6 ամիս սպասեն, կվճարեմ՝ չսպասեցին, իրենց հարմար չէր, ես ծախեցի եղած-չեղածը, որպեսզի այդ պարտքը փակեմ»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Հարցին՝ իրեն չի՞ անհանգստացնում, որ այսօր իր թիմակից է դարձել մի մարդ, որը ժամանակին իրեն չի աջակցել, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ բացարձակապես չի անհանգստացնում։
«Գիտեք ինչ, գործընթացներ են եղել, իրողություններ են փոխվում, այդ ժամանակ իրողություններն այդպես են եղել, եթե նման քայլի չդիմեր, գուցե սնանկանար, գուցե, չգիտեմ։ Հետևաբար, երևի ժամանակ չի ունեցել անձամբ հետաքրքրվել այդ խնդրով, այլ դրանով զբաղվել են իր աշխատակիցները, և լուծումն այսպիսին է եղել։ Բայց, որ իր աշխատակիցներն են եղել՝ հստակ գիտեմ»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, որ տեղի ունեցածի մասին դեռ Խաչատուր Սուքիասյանին չի հիշեցրել և հիշեցնելու անհրաժեշտությունն էլ չի զգում։
«Այդ ամենի մասին խոսել եմ՝ ոչ թե որպես նեղացած մարդ, այլ ասել եմ, որ ժամանակին, երբ սկսվել են գործընթացները, իրենց նմանները մեզ նմաններին վերացրեցին, հետո արդեն սկսեցին խնդիր ունենալ իրենք։ Հետևաբար՝ պետք է այնպես անել , որ այդ հարցերն օրինական շրջանակներից դուրս չգան»,- շեշտեց նա։
Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ Էրդողանին ու Ալիևին միջազգային հանցագործ համարելուն և դրանից հետո իր արձագանքին, իշխանական պատգամավորը նշեց, թե շատ հեշտ է տանը համակարգչի մոտ նստած հակառակորդին ջախջախել։
«Ամբիոնից ելույթներ ունենալ և ջախջախել Էրդողանին, մեզ էլ կոչ անել ու ասել՝ դուք կարող եք նման տղայական կեցվածք ընդունել, երբ հինգ րոպե առաջ ասում էր, որ երբեք չի արել հայտարարություն՝ անմեղության կանխավարկածը խախտելով։ Ես դեմ չեմ, որ այդ գնահատականը տա, բայց ինքն իր խոսքի մեջ հակասական չլինի»,- ընդգծեց պատգամավորը։
Հարցին՝ իր համար Էրդողանն ու Ալիևը միջազգային հանցագործնե՞ր են, թե՞ ոչ , պատասխանեց, որ կարող է քաղաքական գնահատական տալ, բայց իր գնահատականն իրավական չի կարող լինել։
«Ես իրավական գնահատական չեմ կարող տալ, ես քաղաքական գնահատականներ կարող եմ տալ։ Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ, ես դրա իրավունքը, գործառույթները, հիմքերը չունեմ, ես կարող եմ ասել, որ նրանք մեր թշնամական երկրների ղեկավարներն են, եթե դա ձեզ բավարարում է, բայց ասել, թե նրանք միջազգային հանցագործներ են՝ ես չունեմ այդ իրավունքը։ Ես բազմաթիվ փաստեր գիտեմ, որոնք ռազմական հանցագործության տարրեր են պարունակում իրենց մեջ»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։
Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանն ԱԺ նիստերի դահլիճում Էրդողանին ու Ալիևին համարեց միջազգային հանցագործներ, ինչից հետո Հովիկ Աղազարյանն ասաց, թե նա ի՞նչ իրավունքով է նրանց անվանում միջազգային հանցագործներ՝ չպահպանելով անմեղության կանխավարկածը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում