Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով
Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ վստահության վերականգման համար ժամանակ կպահանջվի, իսկ առաջին կառուցողական քայլը Բրյուսելի կողմից կարող էր դառնալ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցությունը քաղաքականացնելու փորձերից հրաժարումը:
«Մեր կողմից մշտապես բաց ենք կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխանդարձ հարգման եւ շահերի հաշվառման սկզբունքներով:
«Գնդակը» ԵՄ-ի գործընկերների կողմում է»,- ասել է Լավրովը «Մադյար Նեմզետ» հունգարական թերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բոլոր շփումները Եվրամիության հետ: Հուլիսի կեսերին Եվրամիության երկրների ԱԳ նախարարները պաշտոնապես ձեւակերպել են եւս վեց ամսով, մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացումը:
Սկզբում այդ պատժամիջոցները Եվրամիության կողմից մեկ տարի ժամկետով սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին: 2015 թվականի մարտին պատժամիջոցների գործողության ժամկետը շաղկապված է եղել «Մինսկի համաձայնագրերի լրիվ կատարման հետ»:
Այդ պահից սկսած արդեն վեց տարի անընդմեջ սահմանափակումները երկարացվում են յուրաքանչյուր կես տարին մեկ: ԵՄ-ի երկրների պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ որոշումից առաջ գնահատվում է Մինսկի համաձայնագրերի կատարումը:
Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո եւ Դոնբասում ստեղծված իրադրության ֆոնին:
Մոսկվան, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, նմանօրինակ միջոցներ է ձեռնարկել, ներմուծման փոխարինման ուղեգիծ է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: