Բաժիններ՝

Կուզեի դառնալ կին շեֆ-խոհարար՝ ինքս ինձ ապացուցելու համար՝ ես դա կարող եմ. ժուռնալիստ և սոցիոլոգ Անիի խոհարարական հեքիաթը

Ինչպե՞ս են մարդիկ հասնում իրենց երազանքների իրականացմանը: Ոմանք՝ բարդ աշխատանքով, մյուսների մոտ ստացվում է հեշտությամբ՝ առանց շատ ջանք գործադրելու: Իսկ երբևէ մտածե՞լ եք, ինչպե՞ս ենք մենք հասկանում՝ որն է մեր երազանքը: Յուրաքանչյուրն իր անձնական պատմությունն ունի, ինչպես և Անին Մելիքյան, ում հետ համալսարանական 4 տարի ենք կիսել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ որպես համակուրսեցիներ, ումից ես այսօր հարցազրույց եմ վերցնում՝ հարցեր տալով նրա խոհարարական կարիերայի մասին: Զարմանալի է հնչում, բայց փաստ է:

«Ես երբեք չեմ երազել պատրաստելու մասին: Սա իմ երազանքների գործը չի եղել: Երբ ես մագիստրատուրայում էի սովորում՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետում, ոչինչ չունեի անելու, գիրք կարդալուց բացի, գտա Գորդոն Ռամզիի «MasterChef» հաղորդումը: Եվ այն, թե ինչպես էր նա բացատրում՝ ոնց է պետք մշակել մթերքը, ոնց է պետք կտրել, հասկացա, որ դա այն է, ինչ ինձ դուր է գալիս: Երբ գնացի սովորելու, այնուհետև՝ աշխատելու, ես հասկացա, որ դա այն է, ինչ ինձ պետք է երջանիկ լինելու համար, այդ սթրեսով լի գործը. դա իմ տեսակին, իմ բնավորությանը համապատասխան էր: Խստություն, դիսցիպլինա: Ինձ դուր չէր գալիս օֆիսային աշխատանքը, ես ձանձրանում էի, երազում էի՝ երբ է գալու ժամը 6-ը, որ վազեմ այդտեղից»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է «Fabrica» ռեստորանում որպես խոհարար աշխատող Անի Մելիքյանը:

Արդյոք կա՞ նմանություն հաղորդման և իրականության միջև, Անին հետաքրքիր բացահայտում արեց.

«Իրականում գործում ավելի դաժան է: Եթե հաղորդման նկարահանումը տևում է 1-2 ժամ, իրականում դու 12-14 ժամ ես ոտքի վրա մնում: Ու երբ լինում է պիկ, երբ հաճախորդները միանգամից լցվում են ու չեկերը կախվում են գլխիդ, դա ահավոր է. այդ ընթացքում դու ցույց ես տալիս քո գիտելիքները, քո փորձը»:

Կարդացեք նաև

«Խոհանոցը միայն համով ուտելիքներ պատրաստելու մասին չէ, դա առաջին հերթին անվտանգության մասին է: Երբ դու մտածում ես հաճախորդի անվտանգության մասին, որ սեղան չգնա մի աղցան, որի մեջ մազ կա, որ քո եղունգը հանկարծ չկտրվի, չգցվի ուտեստի մեջ: Այդ ամենին պետք է ուշադիր լինես: Ու պետք է ոչ միայն քեզ ուշադիր լինես, այլև քո կոլեգային: Այդպիսի բան կա՝ դիմացինի թերությունն ավելի շուտ ես գտնում, դրա համար խոհանոցում ասում են՝ դու ոչ թե քո սխալին ուշադիր եղիր, այլ քո դիմացինի սխալին, ու մեկը մյուսի աշխատանքին ուշադիր լինելուց շահում է հաճախորդը: Այդ ընթացքում մեջքդ վրայիցդ պոկվում է, այնպես է ցավում, ոտքերդ ցավում են օրվա վերջում, բայց այդ ամենը պիտի անես, միայն եթե սիրում ես: Աբսուրդ է լինել խոհարար, եթե դու չես սիրում մթերքի հետ աշխատանքը: Այդպես մարդիկ շատ շուտ կագրեսիվանան, իրենց կյանքից կսկսեն զզվել»,- պատմում է Անին:

Վերջինս ունիվերսալ խոհարար է, պատրաստում է սոուսներ, աղցաններ, նախուտեստ.

«Երբ դու ունես գաղափար, ձգտում, ամեն ինչ ստացվում է: Մեր մամաները ոնց են, տանն ամեն ինչ սարքում են, այնպես չի, որ ինչ-որ մեկի մաման սարքում է աղցան ու ասում է՝ վերջ, այսքանով բավարարվեք: Ինքը թխում էլ է, ապուրներ է սարքում: Նույնն էլ խոհանոցում է. ինչքան շատ բան սովորես, այնքան քո օգուտն է»:

Այնուամենայնիվ, Անին ամենից շատ սիրում է մսի հետ աշխատանքը, ինչը, ըստ նրա՝ բոլորովին աղջկա աշխատանք չէ.

«Եթե կողքից տեսնես՝ ոնց եմ դանակով սթեյքի կտորի վրա աշխատում, դա իրականում ծիծաղելի տեսարան է, ու կարծեմ Հայաստանում ընդամենը 1-2 մսագործ կին կա, դա հայտնի երևույթ չէ աղջիկ խոհարարների շրջանում: Բայց մսի հետ աշխատելիս՝ ես ինձ ավելի շատ եմ խոհարար զգում, քան, օրինակ՝ բանջարեղենի»:

Ասում են՝ յուրաքանչյուր լրագրող երազում է գիրք գրելու մասին, իսկ ո՞րն է խոհարարի երազանքը՝ սեփական ռեստորա՞ն, հեղինակային բաղադրատոմսե՞ր, դառնալ շեֆ-խոհարա՞ր և, ի վերջո, Միշլենի ա՞ստղ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում Անին վերը նշվածի մասին.

«Հետաքրքիր է, որ իմ բոլոր բարեկամներն ասում են՝ ե՞րբ ես քո ռեստորանը բացում: Ու դա ասում են մարդիկ, ովքեր գոնե մի գրամ գաղափար չունեն ռեստորան բացելու աշխատանքի մասշտաբներից, թե որքան վախենալու է դա, ինչքան պատասխանատու է: Ես չեմ երազել ու չեմ էլ երազում ռեստորան ունենալու մասին: Ես կուզեի դառնալ կին շեֆ-խոհարար՝ ինքս ինձ ապացուցելու համար՝ ես դա կարո՞ղ եմ, թե՞ չէ: Բայց գիտելիքներով և փորձով հարուստ խոհարար լինելը քիչ է: Պիտի կարողանաս լինել հոգեբան, պիտի կարողանաս լինել լիդեր, թիմին ղեկավարես: Շեֆ-խոհարարը կարող է ոչինչ չպատրաստել, բայց խոհանոցի աշխատանքը, եթե նույնիսկ ինքն այդ պահին բացակայում է տարածքից, պետք է ընթանա իդեալական, դրանից է երևում՝ շեֆ-խոհարարը լա՞վն է, թե՞ չէ: Եթե թիմն առանց իրեն կարողանում է աշխատել, ուրեմն ինքը լավ շեֆ-խոհարար է: Ուրիշ մասնագիտիությունների դեպքում պաշտոնի բարձրացումն ուրախացնող է, բայց ես դեռ չեմ տեսել մարդու, ով դառնա շեֆ-խոհարար ու երջանկանա դրանից, որովհետև դա սարսափելի վախենալու բան է: Իմ շեֆը մոտ 10 ամիս ընդհանրապես տանը չի եղել, իսկ դա չի կարող երջանկացնել»:

Խոհարար դառնալու ճանապարհը հեշտ չի տրվել Անիին. ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություն, միանգամից բարձր նշակետ՝ ուսում և աշխատանք բարձրորակ և պոպուլյար ռեստորանում:

«Ես կես տարի ամեն օր լացել եմ: Բայց ես լացում էի ոչ թե գործի ծավալից կամ բարդությունից, կամ իմ շեֆերի խստությունից, այլ մտածում էի՝ լավ, ես էսքան կարո՞ղ եմ: Եթե կարողացել է ուրիշը, կկարողանամ և ես: Ու ինքս ինձ համոզելով, մոտիվացնելով՝ փորձում էի: Քանի որ ֆիզիկապես էլ դժվար գործ է, շատ հեշտ է կոտրվելը, բայց ես չկոտրվեցի»,- պատմում է Անին:

Խոհարար Անին մեկ ցանկություն ունի, այն է՝ մարդիկ սկսեն գրագետ ձևով սնվել.

«Ես նախքան խոհարար լինելը չգիտեի, որ կարելի է ոչ թե ինչ-որ տաք ուտեստ պատվիրել, որովհետև սոված ես, այլ պետք է պատվիրել նախուտեստ, աղցան, այնուհետև տաք ուտեստ: Ու եթե մարդիկ այդ ճիշտ գիծը պահում են, դա ինձ դուր է գալիս, հասկանում ես, որ մարդը քիչ թե շատ ծանոթ է խոհանոցին: Ինձ բարկացնում է այն, որ մարդիկ գալիս են ընտանիքներով, ու երեխաների համար պատվիրում են ֆրի, հավի թևիկներ, այն, ինչն ընդհանրապես առողջարար չի, իսկ իրենք ուտում են ավոկադոյով աղցան: Ինչի՞ պետք է այդպես լինի: Իրականում դա շատ սխալ է: Հայերի ուտելու մշակույթի մեջ շատ բան պետք է փոխվի»:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս