Վրաստանից արտահանումը շարունակում է աճել
Արտաքին առեւտրական շրջանառությունը 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 21,7 տոկոսով եւ կազմել 7 481,6 միլիոն դոլար (առանց չկազմակերպված առեւտրի հաշվառման): Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:
Վրաստանի բացասական առեւտրական հաշվեկշիռը 2021 թվականի սկզբից կազմել է 2930,3 միլիոն դոլար, ինչը 16,7 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Վրաստանից դուրս են բերում ապրանքների լայն տեսականի՝ պղնձի հանքաքար եւ կոնցենտրատներ, ֆեռոհամահալվածքներ, բնական խաղողի գինի, հանքային ջրեր, դեղամիջոցներ, մարդատար ավտոմեքենաներ, ոսկի, պնդուկ, ընկույզի այլ տեսակներ եւ այլն:
2021 թվականի սկզբից պղնձի հանքաքարի եւ կոնցենտրատների արտահանումը աճել է 5,8 տոկոսով, ֆեռոհամահալվածքներինը՝ 75,7 տոկոսով, բնական խաղողի գինիներինը՝ 16,3 տոկոսով, ոգելից խմիչքներինը՝ 27 տոկոսով, հանքային եւ քաղցրահամ ջրերինը 34,2 տոկոսով, պնդուկինը եւ ընկույզի մյուս տեսակներինը՝ 80,8 տոկոսով, տրիկոտաժե արտադրանքինը՝ 82,7 տոկոսով, ազոտական պարարտանյութերինը՝ 4,3 տոկոսով: Միեւնույն ժամանակ մարդատար ավտոմեքենաների վերաարտահանումն աճել է 13,4 տոկոսով:
Վրաստան են ներկրում նավթ եւ նավթամթերք, մարդատար ավտոմեքենաներ, նավթագազ եւ գազանման ածխաջրածին, պղնձի հանքաքար եւ կոնցենտրատներ, դեղամիջոցներ, ցորեն, էլեկտրաԷներգիա, հեռախոսի ապարատներ՝ բջջային կամ այլ կապի համար եւ այլն:
2021 թվականի հունվար-հունիսին աճել է հորատման ավտոմեքենաների ներմուծումը (89,9 տոկոս), բեռնատար ավտոմեքենաներինը (83,1 տոկոս), նավթը եւ նավթամթերքը (45,3 տոկոս), պղնձի հանքաքարերը եւ կոնցենտրատները (30,7 տոկոս), մարդատար ավտոմեքենաները (2,2 տոկոս), այն դեպքում, երբ հացահատիկի եւ սերմերի ներմուծումը հաշվետու ժամանակաշրջանում ընկել է 5,9 տոկոսով, իսկ նավթագազերինը եւ գազանման ածխաջրածիններինը՝ 4,5 տոկոսով, հաղորդել է Sputnik-ը: