Քերոբյանը երկրի զարգացման մասին իր տեսլականում հիշեց կապիտուլյացված երկու պետությունների օրինակները

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը:

Ծրագրում նա նաև մատնանշել է մի քանի թիրախային թվեր, մասնավորապես՝ ապահովել ՀՆԱ տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, ունենալ 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ:

Լրագրողները նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այդ հաշվարկներում ներառված են նաև տարածաշրջանի ապաշրջափակումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունները։

Ի պատասխան՝ նա ասաց. «Ներառված չեն, բայց մենք հույս ունենք, որ դրանց տեղի ունենալն էապես կհեշտացնի մեր ծրագիրն իրականացնելը»:

Դիտարկմանը, թե փորձագետները նշում են, որ այդ ապաշրջափակումն իրականում կհանգեցնի տոտալ շրջափակման, նախարարն արձագանքեց.

«Բնականաբար, գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց՝ մենք նաև պետք է այնպես անենք, որպեսզի մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ, և հնարավոր ապաշրջափակման պարագայում մենք ունենանք միայն տնտեսական օգուտներ, և տնտեսությունը չտուժի դրանից»:

Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով են հասնելու 7 տոկոս տնտեսական աճին, եթե պատերազմից դեռ չի անցել մեկ տարի, իսկ դրանից առաջ էլ եղել են համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումներ, և դիտարկմանը, թե աշխարհում չկա գեթ մի երկիր, որը պատերազմից հետո կարողանա նման արագ տեմպերով վերականգնվել, Վահան Քերոբյանը պատասխանեց՝ հիշելով և հիշեցնելով կապիտուլյացված երկու երկրների օրինակները.

«Նախ՝ պատմությունը ունի շատ-շատ դեպքեր, երբ ցավագին պարտություններից հետո երկրները սրընթաց աճ են գրանցում. ամենապարզ օրինակները Գերմանիայի և Ճապոնիայի օրինակներն են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել էին ոչնչացման եզրին, բայց դրանից հետո շատ կարճ ժամանակում հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ցանկում:

Այո՛, մենք, իհարկե, մոդելավորել ենք այն զարգացումները, որոնք ներդրված են մեր կառավարության ծրագրում, և կառավարության ծրագրից բխող կառավարության միջոցառումների ծրագիրն արդեն ընդգրկելու է կոնկրետ գործողությունները, որոնք մեզ պետք է բերեն այս նախանշված ցուցանիշներին»:

Լրագրողները հակադարձեցին, թե նրա կողմից հիշատակած երկրները հսկայական աջակցություն են ստացել, մինչդեռ մենք ունենք ռեսուրսներ հայթայթելու խնդիր:

«Վարչապետն իր խոսքում հպանցիկ անդրադարձավ ԵՄ 2.6 միլիարդ եվրո աջակցությանը. միգուցե դա կառավարությունում դիտարկում են յուրօրինակ «Մարշալի պլա՞ն» ՀՀ-ի համար: Որտեղի՞ց եք դուք այդ ռեսուրսները հայթայթելու, որպեսզի Հայաստանը նման բարձր տնտեսական աճ գրանցի»,- հարցրեց լրագրողը:

Նախարարը պատասխանեց. «Ամենակարևոր ռեսուրսը հայ ազգի ռեսուրսն է: Ես չեմ ուզում այստեղ առանձնացնել ՀՀ-ում բնակվողներին և ՀՀ-ից դուրս բնակվողներին, բայց այն ահռելի ռեսուրսը, որը մենք ունենք և որը դեռևս չենք կարողանում լավ օգտագործել, պետք է կարողանանք լավ օգտագործել»:

Հարցին՝ արդյո՞ք մարդկային կապիտալը նկատի ունի, նա արձագանքեց. «Ոչ միայն մարդկային. մարդիկ նաև ունեն ֆինանսական կապիտալ, ունեն կապեր, և այդ բոլոր մարդկանց բոլոր կապերը, ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելն արդեն շատ մեծ ռեսուրս է, որպեսզի Հայաստանի տնտեսական աճն ապահովվի:

Իհարկե, այստեղ կարևոր է նաև թե՛ Եվրամիության, թե՛ այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում հնարավոր կամ հասանելի ռեսուրսները՝ դրանք կլինեն թե՛ միջազգային ֆինանսական կազմակերպություններ, թե՛ եվրոպական կառույցների միջոցով հասանելի վարկային կամ դրամաշնորհային  կամ այլ միջոցները, որոնք թույլ կտան, որպեսզի այս նախանշված ծրագրերը որևէ ֆինանսական խոչընդոտի չբախվեն»:

Տեսանյութեր

Լրահոս