Ակնհայտ է, որ այսօր գործընթացը մեկ ընդհանուր փաթեթում չի ընթանում, մեզ համար սա համար մեկ սպառնալիքն է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի կողմից Ալիևի դժգոհություններին, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում, եղել է արձագանք, որ  ՀՀ զինված ուժերի բարեփոխումները կամ սպառազինության արդիականացումը չի ենթադրում հարևանի նկատմամբ տարածքային նկրտումներ:

«Իհարկե, այս տեսանկյունից պետք է հասկանալ հետևյալը, եթե այս մասին հայտարարում է, օրինակ, Հայաստանի վարչապետը, արդյո՞ք դա նշանակում է հրաժարում, օրինակ, Շուշիից ու Հադրութից, որի թեման հետպատերազմյան շրջանում բավականին ակտիվ ծավալվում է: Այսօր մենք պետք է արձանագրենք, որ նաև բանակցային գործընթացում և մեր սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը  պայմանավորված է նրանով, որ  մենք նոյեմբերի 9-ից հետո հրատապ միջոցառումներ մեր անվտանգության  համակարգի վերականգնման ուղղությամբ չենք իրականացրել, որից օգտվելով՝  Ադրբեջանը նման հայտարարություններ է անում և սահմանին իրեն նման լկտիություններ է թույլ տալիս»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի, ՀՀ զինված ուժերի բարեփոխումները, մարտունակության վերականգնումը, վերախմբավորումները և անվտանգության համակարգի բարեփոխումներն առհասարակ, միակ գործոնն են, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին ու Արցախին բանակցային գործընթացում՝  որ ուղղությամբ էլ այն ընթանա:

Ինչ վերաբերում է Ալիևի մյուս հայտարարությանը, որ սեղանին հավերժ չի մնալու Հայաստանին արված  իր առաջարկը՝ կնքել «խաղաղության պայմանագիր», Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ սահմանին դրսևորվող տարբեր սադրանքներն Ադրբեջանն օգտագործում է, որպեսզի բանակցություններում ստանա իր համար ցանկալի արդյունք:

«Մի կողմից՝ ունենք ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած հայտարարություն, որն ըստ էության առաջարկ է Ադրբեջանին՝ սահմանազատման վերաբերյալ,  մյուս կողմից ՝  կան Ադրբեջանի նախագահի առաջարկները՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ այսօր գործընթացը մեկ ընդհանուր փաթեթում չի ընթանում, այսինքն՝ սահմանների դեմարկացիայի,  կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը, Արցախի հետագա կարգավիճակի հարցը,  ինքնորոշման իրավունքի հետագա ճանաչման գործընթացը, պետք է լինեն մեկ փաթեթում, մեզ համար սա համար մեկ սպառնալիքն է»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս