Բաժիններ՝

Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված. մասնագետ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի և հատկապես դելտա շտամի տարածման պատճառով համաճարակային իրավիճակն արդեն գնահատվում է լարված, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճ է արձանագրվում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Համեմատելով վերջին 14 օրվա դեպքերը նախորդ 14 օրվա հետ՝ տեսնում ենք, որ դեպքերի աճ կա։ Երեկ արձանագրել էինք 45 տոկոս դեպքերի աճ, այսօրվա վերլուծության արդյունքում պարզեցինք, որ 46 տոկոս է։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից բարձր է՝ 14 օրվա հաշվարկով՝ 1,1 է, իսկ յոթ օրվա հաշվարկով՝ 1,3, այսինքն՝ մոտակա յոթ օրում կարող ենք արձանագրել 2900-ից ավելի դեպք»,- նշեց Աբովյանը և հավելեց, որ ամբողջ աշխարհում էլ դիտվում է լարված իրավիճակ՝ պայմանավորված դելտա շտամով և Հայաստանն էլ բացառություն չէ, այստեղ ևս շրջանառվում է այդ շտամը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս շտամերի, դելտան կրկնակի ավելի արագ է տարածվում, ինչն էլ ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ չեն կարող ասել, թե Հայաստանում դելտա շտամով վարակման քանի դեպք է գրանցվել, քանի որ ընտրանքային հետազոտություն են իրականացնում, որպեսզի հասկանան, թե, որ շտամն է շրջանառվում: «Բոլոր հիվանդների մեջ կարող են լինել նաև դելտա շտամով վարակվածներ: Մենք յուրաքանչյուր պացիենտի չենք նմուշառում՝ հասկանալու համար նա վարակված է դելտա շտամով, թե ոչ, և դրա նպատակահարմարությունն էլ չկա»,- մանրամասնեց նա:

Անդրադառնալով հակահամաճարակային կանոններին՝ մասնագետն ընդգծեց, որ դելտա շտամի դեպքում դիմակ կրելն առավել արդյունավետ է և շեշտեց, որ այդ մասին հայտնում են նաև միջազգային կառույցներն ու ԱՀԿ-ն։

«Հնարավոր է սահմանափակումների ուժեղացում լինի՝ վարակի տարածման տեմպերը նվազեցնելու համար։ Ներկայում քննարկվում է կազմակերպություններում որոշակի սահմանափակումներ մտցնելու հարցը, լրացուցիչ կներկայացնենք, երբ հստակ կլինի ամեն ինչ։ Ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցն այս պահին՝ պատվաստումներն են»,- եզրափակեց Ռոմելլա Աբովյանը։

Հայաստանում օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, առողջացել է 188 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801 -ն առողջացման, 4702-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս