Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնները 4-ական միլիոն ռուբլի կստանան
ՌԴ-ի կառավարությունը հաստատել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթողների եւ մրցանակակիրների համար պարգեւատրումների դրամական չափերը։
Կարգադրության համաձայն, որն ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ոսկե մեդալի համար պարգեւատրումը կկազմի 4 միլիոն ռուբլի, արծաթե մեդալի համար՝ 2,5 միլիոն ռուբլի, բրոնզե մեդալի համար՝ 1,7 միլիոն ռուբլի:
Համանման մրցանակներ են նախատեսված առաջիկա Պարալիմպիական խաղերի հաղթողներին ու մրցանակակիրներին:
Փաստաթղթում նշվում է, որ մարզիչները եւ մասնագետները, որոնք մասնակցել են մարզիկների նախապատրաստմանն Օլիմպիական խաղերին, նույնպես կստանան դրամական պարգեւատրում:
Նրանց պարգեւատրման կարգը կորոշի սպորտի նախարարությունը՝ Ռուսաստանի Օլիմպիական եւ Պարալիմպիական կոմիտեների հետ համատեղ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: