1 մլրդ 300 մլն և 650 մլն դրամ՝ պետական և համայնքային ծառայությունների թվայնացման համար

«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:

Առաջիկա 2 տարում ծավալվող գործունեության երկրորդ ուղղությունը ծառայություններն են: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետական և համայնքային ծառայությունների մատուցման ոլորտում ներդնել միասնական քաղաքականություն, ինչպես նաև էականորեն բարելավել պետական և համայնքային ծառայությունների մատուցման որակը:

Մասնավորապես՝ նպատակ է դրված ապահովել հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում միասնական քաղաքականության վերլուծական հիմքերը, մշակել պետական և համայնքային ծառայությունների ոլորտի միասնական քաղաքականություն, ապահովել էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման ինստիտուցիոնալ հիմքերն ու ենթակառուցվածքները, պատվիրակման ենթակա ծառայությունների ինստիտուցիոնալ հիմքերը, ապահովել հանրային ծառայությունների ֆիզիկական հասանելիությունը, հանրությանը մատուցվող ծառայությունները դարձնել քաղաքացիակենտրոն և կատարելագործել հանրությանը ծառայություններ մատուցող անձնակազմի կարողությունները:

Այս ծրագրի շրջանակներում մինչև 2022թ. սեպտեմբեր նախատեսվում է գույքագրել և քարտեզագրել պետական և համայնքային ծառայությունների բիզնես գործընթացները՝ դրա իրականացմանը տրամադրելով 318.5 մլն դրամ: Մինչև 2022թ. մարտ նախատեսվում է ընդունել Պետական և համայնքային ծառայությունների մասին ՀՀ օրենսդրություն՝ արդարադատության և բարձր տեխնոլոգիաների նախարարության համագործակցության արդյունքում:

Նախատեսվում է մինչև 2022թ. հունվար մշակել պետական և համայնքային ծառայությունների թվայնացման եռամյա ծրագիր-ժամանակացույց, ապա մինչև 2023թ. դեկտեմբեր թվայնացնել պետական և համայնքային ծառայությունները՝ համապատասխանաբար դրանց վրա ծախսելով 1 մլրդ 300 մլն և 650 մլն դրամ:

Մինչև 2023թ. նոյեմբեր նախատեսվում է պետական և համայնքային ծառայությունների գնահատման և առաջարկությունների ներկայացման (Citizen Feedback) համակարգի ամբողջական ներդրում, իսկ մինչև 2023թ. դեկտեմբեր՝ պետական և համայնքային ծառայությունների փուլային վերանայում:

Ընդհանուր առմամբ 2021-2023թթ. այս ուղղությամբ նախատեսված ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 2 մլրդ 542 մլն 500 հազար դրամ, իսկ այդ գումարը ստացվելու է օրենքով արգելված այլ աղբյուրներից:

Տեսանյութեր

Լրահոս