Իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն առանց պատճառի նյարդայնանում է
Խորհրդարանում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ «Իմ քայլը» և «Հայաստան» խմբակցությունների միջև, որի ժամանակ կողմերը միմյանց վիրավորանք ու մեղադրանքներ ուղղեցին:
Վեճի ընթացքում Ալեն Սիմոնյանը նախագահության ամբիոնից իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին հորդորեց հանգիստ մնալ՝ «Նարեկ, հանգիստ, Նարեկ»:
Այնուհետև դիմելով գործընկերներին, ԱԺ նախագահն ասաց. «Մի հատ Նարեկին հանգստացրեք հլը: Նարեկ Գրիգորյան, տեղից է՛լ չվերկենաս»:
Իշխանական պատգամավորն այդպես էլ չհետևեց Ալեն Սիմոնյանի հորդորին, և դրանից հետո Ա. Սիմոնյանի պահանջով դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, ապա անջատվեց նիստերի ուղիղ հեռարձակումը:
Այդ միջադեպից հետո իշխանական բոլոր պատգամավորներն անմիջապես գնացին «Իմ քայլ» խմբակցություն, նրանց դուրս գալուց հետո լրագրողները Նարեկ Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է պատճառը, որ այդքան նյարդային է և իրեն չի կարողանում զսպել, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Որևէ պատճառ չկա»:
Հարցին՝ գործընկերներն իրեն տարել էին խմբակցություն, որպեսզի զսպվածության կո՞չ անեին, Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Մեկնաբանություն չունեմ»: