ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ թալիբները կարող են 1–3 ամսում գրավել Քաբուլը. WP
ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունը սրընթաց վատթարանում է, «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կարող են երկրի մայրաքաղաք Քաբուլը գրավել մեկից մինչեւ երեք ամիս ժամկետում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգերի ռազմական գերատեսչության աղբյուրներ։ «Ամեն ինչ շարժվում է վատ ուղղությամբ»,- հայտարարել է հրատարակության զրուցակիցներից մեկը:
Մի այլ աղբյուրի խոսքով՝ Պենտագոնում այս պահին ելնում են այն բանից, որ ԱՄՆ-ը պետք է ամենամոտ ժամանակներս պատրաստվի ամերիկացի դիվանագետների եւ այլ անձնակազմի տարահանմանն Աֆղանստանի մայրաքաղաքից, քանի որ իրադարձությունների զարգացման՝ ամերիկացի զինվորականների մոտ առկա սցենարներից որոշները նախատեսում են թալիբների կողմից Քաբուլի գրավումն առաջիկա 30 – 90 օրվա ընթացքում:
Հրատարակությունը նշում է, որ Պենտագոնում այդ կերպ վերանայել են հունիսին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պատրաստած նախորդ գնահատումները, որոնց համաձայն թալիբները կարող էին Քաբուլը գավել վեց ամսվա ընթացքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Աֆղանստանում դադարեցնել գործողությունը, որը դարձել է ամենաերկարատեւ ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:
Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել է 2001 թվականի հոկտեմբերին: Զորքերի դուրսբերումը մեկնարկել է մայիսին: Սպիտակ տանը հույս ունեն, որ այն կավարտվի օգոստոսի վերջին: Օգոստոսի 9-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների համար կայացած ճեպազրույցում խոստովանել է, որ Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրադրությունը զարգանում է անցանկալի ձեւով եւ հարուցում է անհանգստություն, ըստ որում զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: