Նրանք, իմ կարծիքով, պետք է ինչ-որ շատ բարդ որոշումներ կայացնեն, և այդ հանձնաժողովները նրանց պետք են իրենց քաղաքական նպատակներն իրագործելու համար. Վանեցյան

Խորհրդարանում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ մինչև հիմա առանցքային նախարարներից մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, նշանակված չէ:

Արթուր Վանեցյանն ի պատասխան՝ նկատեց. «Կարող ենք եզրակացություններ անել, որ այս իշխանությունները ոչ թե անկախ Հայաստանի, ինքնիշխան Հայաստանի շահն են առաջ մղում, այլ փորձում են հաճոյանալ այլ երկրների, գերտերությունների շահերին:

Եվ կարծում եմ, որ պատճառներից մեկը դա է, կամ կա երկրորդ պատճառը, որն ակնառու է արդեն վերջին երեք տարվա ընթացքում՝ այս իշխանությունները չունեն պրոֆեսիոնալ կադրային ռեզերվ և չեն կարողանում այդ կարևորագույն պաշտոնի համար ընտրել նախարարի թեկնածու»:

Հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք, որ իշխանության թեկնածուն հավանության չի արժանանում, օրինակ, ՌԴ-ի կողմից. նա պատասխանեց.

«Ես որևէ բան չեմ կարող բացառել.  հետևենք իրադարձությունների զարգացմանը և որից հետո անենք եզրակացություններ»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը չմանրամասնեց, թե որ գերտերությունների շահերը նկատի ունի:

Թե ինչո՞ւ իշխանություններն ընդդիմությանը չզիջեցին Պաշտպանության հանձնաժողովը՝ լրագրողի հարցին ի պատասխան էլ՝ Արթուր Վանեցյանը նշեց.  «Որովհետև Պաշտպանության հանձնաժողովը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Պետաիրավական, Ֆինանսաբյուջետային հանձնաժողովները շատ կարևոր են իշխանությունների համար. նրանք, իմ կարծիքով, պետք է ինչ-որ շատ բարդ որոշումներ կայացնեն, և այդ հանձնաժողովները նրանց պետք են իրենց քաղաքական նպատակներն իրագործելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս