Առուշ Առուշանյանը և Մխիթար Զաքարյանը կմնան կալանավորված

Երկու օր առաջ՝ օգոստոսի 2-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կես ժամվա տարբերությամբ մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի և Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ՝ նրանց պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունները:

ԱԱԾ-ն Վերաքննիչ քրեական դատարանի՝ բողոքների մակագրումն իրականացնող համակարգիչն առգրավել էր, ինչի հետևանքով երկու սյունեցիների գործերն էլ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը դատավորներին մակագրել էր ձեռքով: Առուշ Առուշանյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել էր դատավոր Մնացական Հարությունյանին, Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը՝ Ռուզաննա Բարսեղյանին:

Թե՛ Առուշանյանի, թե՛ Զաքարյանի պաշտպանների գնահատմամբ՝ այս մեթոդով գործող իշխանությունը փորձում է վերահսկողություն հաստատել Սյունիքի երբեմնի համայնքապետերի քրեական գործերի նկատմամբ:

Երկու օր առաջ, երբ մեկնարկում էին 2 բողոքի քննությունները, Առուշ Առուշանյանի և Մխիթար Զաքարյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում վստահություն էին հայտնել, որ իրենց բողոքները մերժվելու են այնպես, ինչպես օրեր առաջ մերժվել էր Քաջարանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած բողոքը:

Փաստացի՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի և դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժվել են, համապատասխանաբար, Առուշ Առուշանյանի և Մխիթար Զաքարյանի փաստաբանների ներկայացրած բողոքները՝ սյունեցիների նկատմամբ Ընդհանուր իրավասության դատարանի կիրառած խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Առուշ Առուշանյանը և Մխիթար Զաքարյանը կմնան կալանավորված:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 22-ին էր 168.amգրել, որ ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Վերաքննիչ քրեական դատարանում և պատրաստվում են առգրավել գործերի մակագրման համար նախատեսված համակարգիչը: Հենց դատական համակարգից ստացած տեղեկություններով՝ ավտոմատ մակագրում կատարող համակարգչի առգրավման նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է: Այդ կերպ վերջերս Վազգեն Ռշտունու փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից ընտրված Տիգրան Սահակյանն այդ բողոքները կարող է մակագրել ցանկալի վերահսկելի դատավորների:

Հիշեցնենք նաև, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեսանյութեր

Լրահոս