10 միլիոն, 20 միլիոն տուգանք պետք է սահմանել հայհոյանքի համար. Սերգեյ Բագրատյանը խստացումների կողմնակից է
Ազգային ժողովի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը 8-րդ գումարման Ազգային ժողովում ՔՊ ցուցակով է ընտրվել պատգամավոր, Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում կողմ արտահայտվեց «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, ըոտ որի՝ անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու են:
«Այո՛, պետք է դատապարտվի, այո՛, պետք է շատ ավելի բարձր տուգանք սահմանվի, ես համաձայն չեմ՝ կես միլիոն, մեկ միլիոն, դրանք ճիշտ չեն։ Պետք է այն կանխավարկածով լինի, որ՝ այո՛, մարդը չկարողանա՛ վճարել այդ գումարը, այսինքն՝ լինի՝ 10 միլիոն, 20 միլիոն դրամ, որ նույնիսկ չփորձեն այդ մասին մտածել․․․ Պետք է մշակենք այնպիսի օրենքներ, որ արգելի որևէ ձևով այս այլանդակ բարքերը սոցցանցերում և հանրային տիրույթներում»,- ասաց Բագրատյանը։
Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը։
Հիշեցնենք, որ հեռացող Ազգային ժողովն այսօր վերջին արտահերթ նստաշրջանն էր գումարել՝ օրակարգում ընդգրկելով նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։ Խոսքն անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում