«Գիշերը՝ մոտ 12:00-ի կողմերը, պայթյունի ձայնը լսեցինք»․ թշնամու ԱԹՍ-ները Գեղարքունիքի մարզի Նորակերտ ոչ սահմանամերձ գյուղում են խոցվել
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակողներ չկան, դադար են տվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։
Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջին օրերին ծավալված փոխհրաձգությունը միայն դիրքերի՞ ուղղությամբ է եղել, թե՞ թշնամին նաև գյուղն էր թիրախավորել․
«Սահմանը հենց մեր գյուղի դեմն է, բա կրակում են․․․»։
Անդրադառնալով այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)` Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձերին, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրենց գյուղի տարածքում չի եղել, այլ Նորակերտ համայնքում։
Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում նորմալ վիճակ է, որևէ խուճապ չկա․
«Գյուղում ամեն ինչ բնականոն հունով ընթանում է։ Գիշերը՝ մոտ 12:00-ի կողմերը, պայթյունի ձայնը լսեցինք, բայց տեղյակ չեմ, թե որ հատվածում են ընկել խոցված ԱԹՍ-ները։
Նշենք, որ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ հստակ նշված չէ, թե որ տարածքում են խոցվել հակառակորդի ԱԹՍ-ները։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։