«Մոսկվայում սպասվում են բավականաչափ բարդ բանակցություններ, չեմ ուզում կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը»․ Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախօրեին հրապարակավ դիմել էր ԱԺ դեռևս գործող նախագահին, որպեսզի արտակարգ նիստ հրավիրի, և քննարկվի սահմանում տիրող վիճակը։
«Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք 3 զոհ, և ասել, որ Ադրբեջանը պահելու է գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ բլեֆ է։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ։ Երբ ծանոթացա այս արտահերթի օրակարգին՝ «էքշընը», «իզյումինկան» Քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որ ենթադրում է հայհոյանքի քրեականացում։ Հասկանում եմ՝ ինչի համար է արվում, որովհետև նոր խորհրդարանում «էքշընի» և հայհոյանքի պակաս չի լինելու, դա թողնում եմ մեծամասնության և նոր ընդդիմության փոխադարձ «էքշըն» կոնֆլիկտին, բայց ես կարծում եմ և պնդում եմ, որ պիտի անպայմանորեն այս արտահերթից հետո նիստ հրավիրել, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, եթե անհրաժեշտություն կա, փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ, ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ այսօր վտանգված է Հայաստանի պետականությունը, Հայաստանի սահմանները, իսկ ինչ վերաբերում է հայհոյանքի քրեականացմանը, ապա, ըստ նրա՝ նորընտիր Ազգային ժողովը դեռ ժամանակ կգտնի դրան անդրադառնալու։
Նշենք, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովն այսօր իր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 6 հարց, որոնցից մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելուն։ Խոսքն անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում