«Փաշինյանը գնա սահմանամերձ գյուղեր՝ ի՞նչ անի. այնտեղ վտանգավոր է, էս վերջերս էլ անձրև է գալիս, գուցե վախենում է՝ մրսի, հիվանդանա». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության, վիրավորների, գերեվարվածների դեպքերից հետո ՀՀ իշխանությունները պետք է հեռանային:
«Նրանք ի վիճակի չեն կատարել իրենց ուղիղ պարտականությունները: Հետևաբար, նրանք պետք է հեռանան, և այդ տեղերը զբաղեցնի այն ուժը, որը կկարողանա Ադրբեջանին պատշաճ պատասխան տալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ադիբեկյանի խոսքով՝ սահմանային միջադեպերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն հանդիպում դիմադրության.
«Մինչև նրանք չհանդիպեն կոշտ դիմադրության և հակադարձման, կանգ չեն առնի: Պետք է մի ուժ, որ այդ ակը հետ պտտեցնի և գլորի դեպի Ադրբեջան: Ադրբեջանը կկանգնի այն ժամանակ, երբ կստանա շատ ուժգին և ցավալի հարված, իսկ դա կլինի այն դեպքում, երբ մեր զորքերը կվերադառնան Հորադիզ, Ֆիզուլի, Քարվաճառ և այն դիրքերը, որ զբաղեցնում էին մինչև Փաշինյանի գալը»:
Հարցին՝ արդյոք օրեր առաջ ԱԹՍ-ի հետախուզական աշխատանքի կասեցումը կարելի՞ է համարել հակազդման փորձ, ինչպես դա ներկայացնում են իշխանամերձ շրջանակները, նա պատասխանեց.
«Դուք այս ԱԹՍ-ն տեսե՞լ եք, հասարակ հարսանիքի դրոն էր: Դա շարքային ռազմական ուժերի պարտականությունն է: Նույն կերպ նրանք կարող են հայտարարել, որ փորձել են դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ կասեցնել: Դա նրանց ամենօրյա աշխատանքն է, որը պետք է կատարեն, դրա մեջ ոչ մի արտասովոր բան, ոչ մի հերոսություն չկա: Նույն բանն է, որ ասենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ատամներն է մաքրել կամ լվացվել է»:
Ադրբեջանի հարցերով փորձագետը նաև գիտի պատճառները, թե ինչու Փաշինյանը չի այցելում սահմանամերձ այն գյուղերը, որոնց ապագա էր խոստանում, և որոնք այս օրերին թշնամու կրակոցների տակ են:
«Որովհետև այնտեղ վտանգավոր է, երկրորդ՝ էս վերջերս անձրև է գալիս, գուցե վախենում է՝ մրսի, հիվանդանա: Մարդը հարսանիքների է գնում, լիքը ուրիշ կարևոր գործ ունի իր կյանքում, գնա այդ գյուղեր՝ ի՞նչ անի: Այդ գյուղերի բնակիչները նրան վստահել են իրենց ապագան, վե՛րջ, նա էլ ոչինչ պարտք չէ այդ մարդկանց: Ասեմ ավելին՝ այդ մարդիկ շարունակում են վստահել Փաշինյանին, այսինքն՝ նա վստահության հետ ոչ մի խնդիր չունի»,- նկատեց նա:
Դիտարկմանը՝ սահմանամերձ այդ գյուղերի բնակիչներն ասում են՝ նախկինների եփած բորշչն է, Փաշինյանը ի՞նչ անի, նա արձագանքեց.
«Վերջ, դե թող ուտեն այդ բորշչը»: