Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանի ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում նախորդ ամիս տեղի ունեցած վթարի փաստով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել է դատախազություն ընդդատության հարցը որոշելու․

«Հուլիսի 16-ին այդ դեպքով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է նախաքննության»։

Նշենք, որ քրեական գործ հարուցելու մասին ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքերում որևէ տեղեկություն չկա հրապարակված։

168.amՔննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից հետաքրքրվեց, թե նախաքննությունը ո՞ր փուլում է, արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձ կա՞։

«2021թ. հունիսի 16-ին` ժամը 15:45-ի սահմաններում, Երևանի բնակիչ Ա.Սաֆարյանն իր կողմից վարվող TOYOTA LC 200 մակնիշի ծառայողական 022 TT 55 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 320-րդ կիլոմետրի՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ճանապարհահատվածում, բախվել է Արարատի մարզի բնակիչ, անչափահաս՝ 03.07.2007թ. ծնված պատանու կողմից վարած Վազ-2121 մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով Ա.Սաֆարյանը և ուղևոր Է.Դավթյանը ստացել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, իսկ անչափահաս տղան՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակում նախապատրաստված նյութերով 16.07.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը 23.07.2021թ. ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ»,- ասաց Թադևոսյանը։

Իսկ հարցին, թե արդյոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մեքենայում չի՞ եղել, քանի որ, մեր հավաստի տեղեկություններով, նա ևս մեքենայում է գտնվել, ՔԿ մամուլի խոսնակը պատասխանեց․

«Ըստ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության TOYOTA LC 200 մակնիշի ծառայողական 022 TT 55 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում եղել են վարորդը և նրան ուղեկցող 1 մարդ, որը Սուրեն Պապիկյանը չէ»։

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

168.am-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանի օգնականներն արագ հանել են մեքենայի պետհամարանիշերը, և իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս