«Անվասայլակը մինչև գյուղի մեջ չի տանում, երեխեն ա բրթում, բերում»․ Նախիրն առավոտյան 15-ամյա տղան է սար տարել, հայրը զգուշացրել է, որ շատ վերև չբարձրանա՝ ադրբեջանցիներն են նստած․ Սոթքի բնակիչն օգնության կարիք ունի
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը, որը հաշմանդամություն ունի (2 ոտքերն անդամահատված են), օգնության կարիք ունի։
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ընտանիքի սոցիալական վիճակն ավելի է վատացել, երբ մայիսի 12-ից թշնամին առաջացել է և տեղակայվել գյուղի բարձրադիր հատվածներում՝ գյուղացիներին զրկելով անասուններին արոտ տանելու հնարավորությունից։ Քանի որ Արմենն ի վիճակի չէ անասուններին սար տանել, դա անում է նրա 15-ամյա որդին։
«Մի կով ունենք ու մի քանի ոչխար, խառնում ենք գյուղացիների անասունների հետ, ու ամսվա մեջ 1 օր մեկը պետք է սար տանի։ Մարդիկ կան, որ չեն տանում, փողն են տալիս, բայց մենք փող չունենք, որ տանք՝ տղես չգնա․ 8000 դրամ պետք է տաս, որ ուրիշը հերթը տանի»։
Այսօր անասուններին արոտավայր տանելու հերթը Արմենի որդունն է։ Նախիրն առավոտյան է սար տարել, հայրը զգուշացրել է, որ շատ վերև չբարձրանա՝ ադրբեջանցիներն են նստած․
«Ասել եմ՝ շատ վերև չհանես, գետի բերանը պահի։ Մի օր ա, բան չկա, անընդհատ զանգում եմ, կապի մեջ եմ լինում, ասում եմ՝ ուշադիր եղի, անընդհատ սարին նայի․․․ Ի՞նչ անենք, օգնող չկա, 26․500 դրամ թոշակն է, 31․000՝ նպաստը, դրանով ո՞նց յոլա գնանք»։
Արմենը երկար տարիներ գամված է անվասայլակին, սակայն էլեկտրական անվասայլակի մարտկոցները հնացել են, լավ չեն աշխատում, իսկ ինքը գումար չունի, որպեսզի նոր մարտկոցներ գնի․
«Իր օրիգինալ մարտկոցները շատ թանկ են, գոնե ավտոյի մարտկոց լինի, դնենք վրան։ Հիմա ավտոյի մարտկոցներ են վրան դրված, բայց փչացել են, մինչև գյուղի մեջ չի տանում, երեխեն ա գալիս, բրթում-բերում։ 2 մարտկոցով է աշխատում։ Վարդենիսից մի հատը 37․000 դրամով ենք առել, ասացին՝ Երևանում ավելի էժան է, 2 հատ 65 ամպերանոց ավտոյի մարտկոց որ լինի՝ նորմալ կաշխատի․․․»։
Արմենը տարին 1-2 անգամ գալիս է Երևան՝ բուժումների, սակայն շուրջ 1 տարի է՝ չի կարողանում գալ, ասում է՝ ճանապարհածախսի համար էլ գումար չունի, Սոթքից Երևան ահագին ճանապարհ է․
«Վեց ամիսը մեկ պետք է բուժումների գնամ, բայց չկարողացա․․․ Ինձ փողը պետք է, որ այստեղից տաքսով գամ Երևան, հետո վերադառնամ գյուղ»։
Արմեն Մարտիրոսյանին օգնել ցանկացողները նրա հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 098666623: