«Ժամը 14։30-ի սահմաններում պրոֆեսոր Չարչյանը կլինի ազատության մեջ». Էրիկ Ալեքսանյան

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը, վերացրեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն ու որպես խափանման միջոց կիրառեց գրավը և ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

Երկու խափանման միջոց կիրառելու պրակտիկան իրականում փոքր-ինչ անսովոր է մեր իրականության համար, սակայն 168.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ սա քրեական դատավարության ընթացակարգերում նոր կարգավորում է:

«Տվյալ դեպքում կիրառվեց 15 միլիոն դրամ գրավ և ստորագրություն չհեռանալու մասին: Այս պահին սպասում ենք բարեկամներին, որ վճարման կտրոնը բերեն, տանենք քրեակատարողական հիմնարկ, որ պրոֆեսոր Չարչյանն ազատ արձակվի: Մոտավորապես 14:30-ի սահմաններում բժիշկն արդեն կլինի ազատության մեջ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս