Հանրապետական կուսակցության անունից ներողամտություն եմ հայցում կատարվածի առիթով. Շարմազանով
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում «Ա1+»-ի լրագրողի հասցեին հնչեցրած ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի սպառնալիքներին ու վիրավորական արտահայտություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 15-ի ելույթի համատեքստում, որտեղ վերջինս կոչ էր անում լինել հանդուրժող՝ նշելով, թե՝ «մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը», ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Իմ կարծիքը միշտ հստակ է եղել: Ես դրական չեմ վերաբերում ցանկացած վարքագծի, որը չի համապատասխանում հասարակության նորմերին: Կարծում եմ՝ որ թե՛ լրագրողները, թե՛ պատգամավորները պետք է հարգալից լինեն մեկը մյուսի նկատմամբ: Ինքս տեսանյութը չեմ դիտել, չեմ էլ հանդիպել դեռ պարոն Սեդրակյանին, բայց որպես ԱԺ փոխնախագահ՝ ափսոսում եմ և որպես կուսակցական՝ Հանրապետական կուսակցության անունից ներողամտություն եմ հայցում կատարվածի առիթով: Այնուամենայնիվ փոխադարձ հարգանքը, բարոյական, էթիկական նորմերի պահպանումը անհրաժեշտ է բոլորիս»:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Մհեր Սեդրակյանին Հանրապետական կուսակցության կողմից նկատողություն արվի, Է. Շարմազանովը պատասխանեց, որ հիմա հարցին պատասխանել չի կարող:
«Ես հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ՝ չեմ քննարկել: Պարոն Սեդրակյանի հետ էլ չեմ զրուցել: Պարզապես իմացա՝ ինչ է կատարվել և կարող եմ իմ ափսոսանքը հայտնել ու ներողամտություն հայցել: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կարող է դա եղել է… համենայնդեպս, ճանաչում եմ Մհեր Սեդրակյանին և չեմ կարծում, որ դա միտումնավոր է արվել: Բայց կրկնում եմ, որ եղել է տհաճ միջադեպ ու ներողամտություն եմ հայցում»,- հավելեց ՀՀԿ խոսնակը: