«Նիկոլ Փաշինյանից ազատվելու խնդիրը հիմա էլ է դրված. ինքը կործանելու է մեր պետությունը». Վազգեն Մանուկյան
Այսօր ժամը 14։00-ից Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Նիստից առաջ դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վազգեն Մանուկյանը նշեց, որ դեռևս օրակարգում է Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հարցը․
«Կարծում եմ՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանից պետք էր ազատվել, ու հիմա էլ այդ նույն խնդիրը դրված է: Ինքը կործանելու է մեր պետությունը, ինքը վտանգում է և՛ մեր պետության գոյությունը, և՛ մեր ժողովրդի իրավունքը՝ ապրել իր հարազատ հողի վրա»:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար համաժողովրդական շարժում է պետք, իսկ առաջնորդներ պետք չեն, նրանք կառաջանան, երբ շարժումը սկսվի:
«Փրկիչ չկա, մի փնտրեք, ժողովուրդը պետք է գիտակցի, թե այս ճանապարհն ո՞ւր է տանում, և ոտքի ելնի, այդ ժամանակ կառաջանան և՛ երիտասարդ, և՛ հասակով ու փորձով առաջնորդներ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է իր՝ «կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը» հայտարարության համար քրեական գործ հարուցվել, իսկ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական շրջանում հնչեցրած սպառնալիքների համար՝ ոչ, ՀՀ նախկին վարչապետն արձագանքեց, որ հարցն իրեն չի ուղղված, և ինքն այսօր այդ հարցը կբարձրացնի:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը գնացել և իր քվեն տվել է Նիկոլ Փաշինյանին՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ մինչև այժմ Հայաստանում ընտրությունների միջոցով որևէ խնդիր չի լուծվել:
«Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգևորությունը, որոնք ոգևորված գնում էին ընտրության, կարծես առաջին անգամ էին Հայաստան եկել, չգիտեն, թե ինչ է կատարվում: Այդ տեսակետից ընտրությունների արդյունքը նշանակություն չունի: Երկրորդը՝ եթե ես ունեմ ինչ-որ կարծիք, իսկ ես կարծիքս Նիկոլ Փաշինյանի մասին հայտնեցի, իմ կարծիքի դեմ ինձ կարելի է փաստարկներով փորձել համոզել հակառակը, բայց եթե երկրագնդի 7 մլրդ մարդն էլ հակառակի համար քվեարկի, իմ կարծիքը դրանից չի փոխվում»,- ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, Երասխում հնչած կրակոցների մասին հարցին, Վազգեն Մանուկյանը նշեց.
«Կրակելու են շատ տարբեր տեղերից, կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ: Չմտնեմ այդ մանրամասնությունների, զինվորական ենթադրությունների մեջ: Մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Արցախի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի, պատվի հարց էր, և իրենք լուծում են այդ հարցը, իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների համար: Ինչ իրենք անեն՝ կարող է անկապ թվա առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»: