«Վարչապետն ինձ չէր ասում, ընդհանուր իրավիճակն էր գնահատում». Դումանյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի միջև ծագած բանավեճի մասին
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանից հարցրին, թե ի՞նչ փուլում է ծանրամարտիկներին Ամառային օլիմպիական խաղերին պատրաստվելու համար անհրաժեշտ 20 ծանրաձողերով ապահովելու հարցը:
«Գործընթացը լավ ընթացքի մեջ է, և նրանք արդեն շատ մոտ են ՀՀ սահմանին, վաղը չէ մյուս օրը, կամ ամենաուշը կիրակի, հուսով ենք, արդեն մեր մարզիկների մարզադահլիճներում կլինեն, կամ մեկ օր այս կողմ, այն կողմ: Ողջ ծավալով ճանապարհին են, ճանապարհի մեծ մասն անցել են 20-ն էլ»,- ասաց Դումանյանը:
Կառավարության որոշման նախագծով ի սկզբանե առաջարկվում էր բերել 7 ծանրաձող, սակայն Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ դրանք լինեն 20-ը: Հուլիսի 1-ի նիստին Փաշինյանին բարկացրել էր այն փաստը, որ իր հանձնարարականն անհապաղ չի կատարվել: Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ նախագծով առաջարկվում էր 7-ը, Դումանյանն արձագանքեց.
«Այնպես չէ, որ հենց այդ յոթն էր առաջարկվում, որպես փուլային՝ առաջին խմբաքանակն էր առաջարկվում 7-ը, հետագայում լրացնելու նպատակով, իսկ պատճառը, թե ինչո՞ւ ոչ միանգամից 20, ակնհայտ պատճառ կար, Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, ֆինանսականն էր»,- ասաց Դումանյանը:
Ճշտող հարցին, թե Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր այդ խնդրի մասին, երբ Դումանյանին մեղադրում էր իր հանձնարարականը չկատարելու համար, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ասաց.
«Գիտեք ի՞նչ, ինձ չէր ասում վարչապետը, եթե ուշադիր լսեք, ընդհանուր իրավիճակն էր գնահատում, անձնավորված կոնկրետ ինչ-որ բաներ չի ասվել, վարչապետն ընդհանուր համակարգի մասին խոսեց և իրավիճակի մասին: Եթե որևէ գերատեսչության ղեկավար հարց է ներկայացնում, պետք չէ դա ընկալել, որ դա ինչ-որ անձնական մակարդակի ներկայացվող հարց է, ցանկացած հարց, որ Կառավարության նիստում զեկուցվում է, իմացեք, որ այդ հարցը քննարկվել է մեծ շրջանակով, տարբեր ստորաբաժանումներում, տարբեր պատասխանատուների կողմից, բայց մեկ անձ է ներկայացնում, դա չի նշանակում, որ դա անձնական նախաձեռնություն է»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
«Իրեն չէր ասում», «խոսում էր համակարգից», բայց նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց անջատել հենց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսափողը:
Լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե դիմել է վարչապետի պաշտոնակատարին մշակույթի նախարարությունը վերաբացելու համար, Դումանյանն ասաց.
«Դա այն հարցը չէ, որ պետք է այստեղ քննարկենք, քանի որ ցանկացած տարբերակ կարելի է դիտարկել, այդ դեպքում՝ հարց, իսկ ինչո՞ւ միայն մշակույթը, ինչո՞ւ ոչ սպորտը, ինչո՞ւ ոչ կրթությունը առանձին»: