«Խոսելու եմ բարոյականությունից, այդ թվում՝ այդ մարդկանց անբարոյականությունից». Աննա Գրիգորյանի պատասխանն Աշոտ Մելիքյանին
«Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ Աննա Գրիգորյանն օրերս հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել էր հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքների, դրանք ծնող պատճառների մասին, ինչպես նաև պատասխանել ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցված հարցին։
Հարցազրույցի ընթացքում պատգամավորի հնչեցրած պատասխանների վերաբերյալ մեկնաբանություն էր գրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը.
«Այս անձնավորության ամեն մի պատասխանն իռացիոնալիզմի, անառողջ մտածելակերպի գոհար է։ Բայց գագաթնակետն այն է, որ ասում է, թե 12-օրյա քարոզարշավը բավարար ժամանակ չէր, որ Քոչարյանն անդրադառնար իր պաշտոնավարման տարիների սխալներին։ Ափսոս, որ Պետրոսը չհիշեցրեց զրուցակցին, թե ինչպես Քոչարյանն իրեն դրսևորեց վերջին ասուլիսի ժամանակ, երբ լսեց Factor.am-ի թղթակցի հարցը․ ի՞նչ եք արել, որ այսքանից հետո մարդիկ չուզեցին ձեր օգտին քվեարկել։ Լավ առիթ չէ՞ր ինքնաքննադատության համար։ Բայց Քոչարյանն ո՜ւր, ինքնաքննադատությունն ո՜ւր․․․ Նա ձև արեց, թե չի հասկանում հարցը և խոսեց իր «դարակազմիկ» հաջողությունների մասին»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Աշոտ Մելիքյանի գրառմանը, Աննա Գրիգորյանը Մելիքյանին նախ կոչ արեց հստակեցնել, թե այդ հարցազրույցի ժամանակ իր հնչեցրած ո՞ր արտահայտությունն է եղել իռացիոնալ։
Ինչ վերաբերում է Աշոտ Մելիքյանի հարցադրմանը. «Քոչարյանը բա հո չէ՞ր ասի, որ զղջում է մարտի 1-ի իր հանցավոր որոշումների համար, այդ իրադարձությունների հետաքննությունը ձախողելու ու կոծկելու համար, որ առնվազն որպես նախագահ՝ պատասխանատու է հոկտեմբերի 27-ի արյունալի իրադարձությունների, բազմաթիվ այլ քաղաքական սպանությունների համար, որ խայտառակ ընտրությունների միջոցով յուրացրել է իշխանությունը և ապօրինի հարստացել», պատգամավորն արձագանքեց.
«Մարտի 1-ի մասով կխնդրեմ, որ վերջինս կարդա Սահմանադրական դատարանի որոշումն ու հանգիստ նստի իր տեղը։ Հոկտեմբերի 27-ի մասով էլ ինքը դատախա՞զ է, մեղադրական է հնչեցնո՞ւմ, ի՞նչ մասով, Նաիրի Հունանյանին ճանաչո՞ւմ է, գիտի՞, որ դատապարտված է, ի՞նչ մեղադրական հնչերանգներ է պարունակում նրա խոսքը։ Պատերազմից հետո, երբ մարդ գիտակցում է, որ ինքն այլևս Շուշի ու Հադրութ չի կարողանալու գնալ, որ ամեն անգամ Սյունիք գնալիս ստիպված է լինում ադրբեջանական դրոշների տակով անցնել, չի փորփրում անցյալը։ Հասկանալի է, որ անցյալում սխալներ եղել են, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից այնպիսի ճակատագրական սխալներ են եղել, որ ուղղակի անցյալ գնալն իմաստ չունի։ Այս խոսացողը Եռաբլուրում եղել է, մեծացած Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը նրան որևէ բան չեն ասե՞լ, ինչի՞ց է եկել հիմա խոսում»:
Նա ընդգծեց, որ Խոսքի ազատությունը պաշտպանելուն ուղղված կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի գրառման տակ կա քաղաքական ուղղորդում։
Ինչ վերաբերում է Մելիքյանի ենթադրությանը, որ «այս նորաթուխ քաղաքական գործիչը հաճախ է բարոյականությունից խոսելու», պատգամավոր Գրիգորյանը հակադարձեց.
«Ես խոսելու եմ բարոյականությունից, այդ թվում՝ այդ մարդկանց անբարոյականությունից»։
Մանրամասները՝ տեսանյութում