«Քամին, որ յան փչում է, էն գյուղը վարի է գնում». քաղաքացիները փակել են Մասիսի այրվող աղբավայրի ճանապարհը
Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները փակել են աղբավայր տանող ճանապարհը, բողոքում են աղբավայրից տարածվող ծխից:
Քաղաքացիներից մի տղամարդ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրն արդեն 2 ամիս է կա, իրենք տարբեր գերատեսչությունների են դիմել, սակայն հարցին լուծում չի տրվել.
«2 ամիս է վառվում է, էս հոտը, էս ծուխը խեղդում է, քամին, որ յան փչում է, էն գյուղը վարի է գնում… Մասիսի ժողովուրդը ինչքան երեխա են էս հոտից հիվանդանոց տանում: Վարակ ա, վարակ, օդը վարակվում է. մենք չենք իմանում ում հետ կռիվ տանք, ում ինչ ասենք: Ղեկավարությունը չի մտածում, ոչ մեկն էլ չի մտածում էս մասին, սուտ է, ով ինչ ուզում է ասի, եթե մտածող լինեին, էս 2 ամսում հարցը կլուծեին…»:
Հիշեցնենք, որ այս տարի՝ 2021 թվականի մայիս ամսից, տեղացիները մի քանի անգամ ահազանգել են, որ աղբավայրն այրում են և ամբողջ ծուխը տարածվում է Մասիս քաղաքի և հարակից գյուղերի վրա:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ևս անդրադարձել էր այս խնդրին: Նա մայիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, տեղեկացրել, որ հարցին լուծում տալու ակնկալիքով դիմել է կառավարությանը.
«Հարգելի քաղաքացիներ, այսօր Մասիսի քաղաքապետարանը քաղաքում գտնվող աղբավայրի հարցով դիմել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին՝ ակնկալելով գործուն միջամտություն աղբավայրի հետագա շահագործումը դադարեցնելու և կենցաղային աղբը այլ վայր տեղափոխելու համար»: