Կանադայում տապը հասել է ռեկորդային 49,6 աստիճանի
Անցած ուրբաթ օրը՝ հունիսի 25-ին, աննախադեպ տապ է գրանցվել Կանադայի արեւմուտքում, Բրիտանական Կոլումբիա նահանգում եւ մասնակիորեն Ալբերտայում. Լիթոն փոքրիկ քաղաքը երրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանային ռեկորդներ է սահմանում ամբողջ երկրի համար, իսկ երեքշաբթի օրը՝ հունիսի 29-ին, Լիթոնում գրանցվել է ըստ Ցելսիուսի 49,6 աստիճան: Այդ մասին հաղորդում է CBC-ն:
Հունիսի 28-ին Լիթոնում ջերմաստիճանը բարձրացել է ինչեւ 47,9, հունիսի 27-ին՝ 46,6 աստիճան: Մինչեւ այժմ ամբողջ Կանադայում ոչ մի անգամ չի գրանցվել 45-ից բարձր ջերմաստիճան: Այդպիսի ռեկորդ սահմանվել էր 1937 թվականին Սասկաչեւանում: Լիթոնը գտնվում է Վանկուվերից 260 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք: Վանկուվերի ոստիկանությունը հաղորդել է, որ հունիսի 25-ից հաղորդագրություն է ստացել քաղաքում եւ ծայրամասերում հանկարծակի մահվան 130 դեպքի մասին: Մահացածների մեծ մասը եղել են զառամյալ տարիքի կամ ունեցել են քրոնիկական հիվանդություններ. ոստիկանությունում տապը համարում են այն գործոններից մեկը, որը հանգեցրել է մահվան: Բրիտանական Կոլումբիայի գլխավոր քորոներ Լայզա Լապուանտը հայտարարել է, որ հունիսի 25-ից մինչեւ հունիսի 27-ի օրվա կեսը նահանգում մահացել է 233 մարդ, թեեւ միջին հաշվով չորս օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 130 մահ:
Կանադայի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացում է արել Բրիտանական Կոլումբիայի, Ալբերտայի եւ Սասկաչեւանի, Մանիտոբայի առանձին շրջանների ու Հյուսիսարեւմտյան տարածքների տապի մասին: Գերատեսչության ավագ կլիմայագետ Դեւիդ Ֆիլիփսը հիշեցրել է, որ Կանադան ամենաձյունառատ երկիրն է աշխարհում եւ երկրորդը՝ ցրտությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արենպրես»-ը, հաղորդել է տեղի օդերեւութաբանական ծառայությունը: «Մեզ մոտ հաճախ են սառնամանիքներ լինում, լինում են ձնաբքեր, բայց մենք հաճախ չէ, որ կարողանում ենք խոսել նման շոգ եղանակի մասին,-նրա խոսքը մեջբերում է BBC-ն:-Դուբայում այժմ ավելի զով է», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: