Լոնդոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է տուժել
Լոնդոնի կենտրոնում՝ Elephant & Castle կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից ու բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, ում այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում:
«Լոնդոնի շտապօգնության ծառայության ներկայացուցիչները դեպքի վայրում օգնություն են ցուցաբերում մի տղամարդու»,-ասվում է ծառայության տարածած հաղորդագրության տեքստում: Դեպքի վայրում աշխատում է 15 հրշեջ մեքենա և 100 հրշեջ:
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվում է երկաթուղու կամարների ներքևի մասի երեք կոմերցիոն օբյեկտ, վեց մեքենա և Elephant and Castle երկաթգծի կայարանի հեռախոսային խցիկը: Երկաթգծի շենքի և հարակից տների բնակիչները տարհանվել են:
«Ճանապարհների մեծ մասը փակ է: Խնդրում ենք մարդկանց խուսափել այս շրջանից և փակ պահել պատուհաններն ու դռները, քանի դեռ հրշեջներն աշխատում են»,-հորդորել է հրշեջ կայանի հրամանատար Ջեյմս Ռայանը:
Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել էր, որ հրդեհը առնչություն չունի ահաբեկչության հետ: