«Մարզպետը պաշտպանության նախարարության հետ այդ գործով է զբաղված, որ ժողովուրդը ապահով սկսեն խոտերը քաղել». Կութի գյուղապետ
Հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ԳՇ պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով մայիսի 12-ից Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը, հայտնել էր, թե ներխուժած ադրբեջանցի զինծառայողների ընդհանուր թիվը մնացել է նույնը, ինչի մասին ասվել էր՝ մոտ 1000 զինծառայող: ԳՇ պետը նաև ասել էր, թե բանակցություններ են ընթանում Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցի շուրջ:
Ավելի քան մեկ ամիս Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիները սադրանքների չէին դիմել: Հունիսի 5-ին նրանք հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին գյուղի կովերին:
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպից 20 օր անց դեռ անասուններին թշնամին չի վերադարձրել:
«Ոչ մի անասուն հետ չի բերվել: Դեռ ընթացքի մեջ է: Մեր մարզպետն է մեզ հետ կապնվում, իր հետ ենք խոսում: Աշխատանքներ են տարվում այդ անասունները հետ բերելու համար, եթե հանկարծ չկարողացան հետ բերել, ապա փոխհատուցում պիտի կատարեն»,- ասաց գյուղապետը:
Ճշտող հարցին, թե բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ, պատասխանեց.
«Երևի: իրենք զբաղվում են այդ գործերով»:
Կութի գյուղապետի փոխանցմամբ՝ վերջին օրերին հակառակորդը սադրանքների չի դիմել, նման փորձ չի արձանագրվել: Այժմ էլ փորձում են համաձայնություն ձեռք բերել, որպեսզի գյուղացիները կարողանան հակառակորդի նշանառության տակ հնարավորինս ապահով իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները:
«Դեռ խոտհարքը մեզ մոտ չի սկսվել: Կսկսվի մոտ օրերս: Հիմա, հենց այս պահին մարզպետը Պաշտպանության նախարարության հետ այդ գործով է զբաղված, որ ժողովուրդը ապահով սկսեն խոտերը քաղել»,- 168.am-ին փոխանցեց Չիտչյանը: