Զատուլին․ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերականգնել Հայաստանը, Նիկոլ Փաշինյանն այդ դերի համար հարմար չէ

Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հայ-ռուսական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման հեռանկարների մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ։

Հայ-ռուսական հարաբերությունների Ձեր տեսլականը՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կկայանան 2-3 օրից: Կարծո՞ւմ եք արդյոք Դուք, որ այս ընտրությունները որոշիչ կլինեն հայ-ռուսական հարաբերությունների համար:

Այս ընտրությունները որոշիչ կդառնան Հայաստանի համար, հետեւաբար, դրանք որոշիչ կլինեն ամբողջ աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների համար: Թե ինչու են դրանք որոշիչ դառնալու Հայաստանի համար. կարծում եմ`ապացուցելու կարիք չկա: Անցյալ տարի տեղի ունեցածից հետո, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարման երկամյա ժամանակահատվածի արդյունքն է, իհարկե, Հայաստանն այժմ որպես անկախ պետություն կանգնած է գոյության եզրին: Հայաստանի ապագան եւ, համապատասխանաբար, նրա դաշինքների ապագան բոլոր պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի հետ, կախված է նրանից, թե կկարողանա արդյոք հայ հասարակությունը հաղթահարել այս մարտահրավերը, հաղթահարել այս ներքին չկարգավորվածությունը եւ ճիշտ քաղաքական ընտրություն կատարել:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ ընտրության առջեւ է կանգնած Հայաստանը:

Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ` լինել եւ զարգանալ որպես անկախ պետություն կամ, ըստ էության, հայտնվել անկարող, չկայացած պետության դերում, որը գտնվում է կորուստների եւ կիսատապալման ժամանակաշրջանում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում անբարենպաստ պատերազմի, այլ նաեւ խորը ներքին պառակտման հետեւանքով, որը դարձել է կատարված փաստ այս պատերազմի հանդիման: Հայաստանը գտնվում է լինել-չլինելու խաչմերուկում:

Գաղտնիք չէ, որ երկիրը թուլացած է: Ըստ Ձեզ՝ Ռուսաստանին պե՞տք է թույլ ու հարմարվող դաշնակից, թե՞ Ռուսաստանն, այնուամենայնիվ, նախընտրում է ուժեղ դաշնակցի, որի ձայնը կարող է լսելի լինել աշխարհում:

Ես կցանկանայի մտածել, որ Ռուսաստանին պետք է ցանկացած Հայաստան: Կարծում եմ, որ խոսքը նույնիսկ արդեն Հայաստանի մասին չէ, այլ հայ ժողովրդի հետ հարաբերությունների, որը ապրում է ամբողջ աշխարհում, եւ որի զգալի մասը ապրում է մեզ մոտ՝ Ռուսաստանում: Իհարկե, Ռուսաստանը հասկանում է, որ եթե պարտություն է հասցված… Ես, այս առիթով խոսելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքների կապակցությամբ, ասել եմ, որ եթե քո դաշնակիցը պարտություն է կրել, ապա այս դեպքում մի հարցրեք, թե ում համար է հնչում զանգը: Այն քո համար է հնչում: Եւ եթե Ռուսաստանը Կովկասում իր հարաբերությունները կառուցում է Հայաստանի հետ սերտ ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունների միջոցով, ապա Հայաստանի ցանկացած նվաստացում, Հայաստանին հասցված ցանկացած վնաս արտացոլվում է Կովկասում Ռուսաստանի հնարավորությունների վրա: Ես տեսնում եմ այդ փոխադարձ կապը, եւ դրանից ելնելով՝ ես, իհարկե, ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթահարի իր դժվարությունները եւ կարողանա վերականգնել իր գործունակությունն ու պաշտպանունակությունը:

Ձեր կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ո՞ւմ հաղթանակը կապահովի Հայաստանի ամրապնդումը, նրա միջազգային վարկանիշի վերականգնումը, այդ թվում` հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացումը: Ըստ Ձեզ՝ ո՞վ պետք է իշխանության գա Հայաստանում դրա համար:

Ռուսաստանում մարդիկ, ովքեր հետաքրքրվում են կատարվածով, անհանգստանում են, ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ներքաղաքական պայքարի շրջադարձներին, ներառյալ խորհրդարանական այս արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքին: Մենք տեղյակ ենք, թե ինչ վարկանիշներ են այժմ հայտնվում: Տեսնում ենք, որ իրականում գործող իշխանությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր կողմնակիցներին: Ինձ թվում է, որ մարդկանց արձագանքը համապատասխանում է առողջ բանականությանը:

Նա արդեն չի կարող ամբողջովին ապավինել փողոցին, ինչպես դա եղավ 2018 թվականին։ Մարդը, որը այս ընթացքում եղել է Հայաստանի ղեկավարը, պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Ինձ թվում է, որ բնական կերպով կրկին քաղաքական ասպարեզում է հայտնվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որի օրոք, Լեռնային Ղարաբաղի ղեկավար եղած ժամանակ ԼՂ անկախության համար պայքարում վճռական հաղթանակներ են գրանցվել: Որի օրոք դժվար թե տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Փաշինյանի օրոք: Եւ թեեւ մենք գիտենք, որ հայ հասարակությունը միասնական չէ անցյալի եւ ներկայի իր գնահատականներում, ես հասկանում եմ, որ այսօրվա իրավիճակում, ինչպիսին էլ լինեն պարոն Փաշինյանի մտացածին արժանիքները, նրա ժամանակը սպառվում է: Հայաստանի ապագան ավելի շատ կապված է այն մարդկանց հետ, որոնք ի վիճակի են ոչ թե կյանք ներշնչել, այլ վերադարձնել հայ ժողովրդի եւ Հայաստանի ոգին` որպես այդպիսին:

Ստեղծված իրավիճակում այս դերի համար հարմար է Ռոբերտ Քոչարյանը, եւ բոլորովին հարմար չէ Նիկոլ Փաշինյանը

Ինչ վերաբերում է նրան, թե ում հաղթանակը ընտրություններում ավելի շատ բան կբերեր ռուս-հայկական հարաբերություններին, ապա իմ պատասխանն այսպիսին է՝ նրա հաղթանակը, ով կամրապնդի Հայաստաը: Տարօրինակ կլիներ կարծել, որ որեւէ մեկը, հատկապես գործող իշխանությունը, Ռուսաստանի հետ բարեկամության մենաշնորհ ունի։ Ինչպես գիտեք, պաշտոնական Ռուսաստանը շատ բծախնդիր է ներքին գործերին ուրիշի միջամտության հանդեպ: Մենք հարգանքով ենք վերաբերում հայ ժողովրդին, նրա խելքին ու պատմական փորձին, տեղի ունեցածի նրա ընկալմանը:

Ռուսաստանի իշխանությունները չէին ցանկանա, որ հիմա կամ ապագայում որեւէ մեկը ասեր՝ Ռուսաստանն է մեզ ընտրություն պարտադրել: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն ինչ իրենից է կախված:

Բայց որպես հայ ժողովրդի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարեկամ, ուզում եմ ասել՝ եթե ժողովուրդը ցանկանում է վերադարձնել Հայաստանի հեռանկարը, եթե ուզում է, որ Հայաստանը շարունակի իր գոյությունը որպես պետություն, որն ունակ է պաշտպանել իրեն, ապա, ինձ թվում է, որ այս դեպքում հայերը կքվեարկեն Ռոբերտ Քոչարյանին եւ գործող կառավարությանը ընդդիմադիր այլ ներկայացուցիչների օգտին: Եթե հայերի համար միեւնույնն է, նրանք հոգնել են ամեն ինչից եւ իրենք իրենցից, ապա ես կանխատեսում եմ շատ վատ, այլ արդյունքներ:

Պարոն Զատուլին, հայ հասարակության մեջ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կարծիքները բաժանված են՝ կողմերից մեկը պնդում է, որ պետք է արժանի բանակցություններ վարել, եւ ակնկալում է ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնում, իսկ մյուս կեսը կարծում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում կամ որպես ինքնավարություն: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան հարցը, որը այդպես էլ մնաց չլուծված՝ չնայած պատերազմի արդյունքներին:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնական հարցը մնաց չլուծված: Ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ինչ-որ մեկի՝ Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելը, անկասկած, միջազգային հարաբերությունների կարեւոր սկզբունք է: Բայց միջազգային հարաբերությունների սկզբունքների շարքում ոչ պակաս կարեւոր եւ հավասարազոր սկզբունք է հարգանքը ժողովուրդների ինքնորոշման հանդեպ: 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստն ակնհայտ է: Բայց անցյալ տարվա պատերազմի հետեւանքով այս փաստի ճանաչումը չհաստատվեց, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնաց անորոշ: Այսինքն՝ այն փաստը, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ագրեսիա իրականացրեց, խախտեց հրադադարի պայմանագիրը, ռազմական ճանապարհով փորձեց իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բոլորովին չի չեղարկում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման եւ անկախության իրավունքը:

Ինքնորոշման ձգտումը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը, օրինակ, 1992-ին, հռչակեց իր անկախությունը, ինչպես Հայաստանը: Նաեւ Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախություն, ընդ որում՝ Խորհրդային Միության փլուզումից շատ առաջ: Փաստորեն, Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանն այլեւս չէր վերահսկում այս տարածքը: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում նրա տարածքային ամբողջականության ճանաչումը, որպես անկախ պետություն, պայմանական էր եւ, իմ կարծիքով, սխալ էր: Ես այս դեպքում արտահայտում եմ իմ անձնական կարծիքը: Այդ ճանաչման արդյունքում ղարաբաղյան հակամարտության էության հիպերտոֆիկ պատկերացում ծագեց: Միջնորդներն ակնհայտորեն հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հայ մեծամասնությունը չի համաձայնի Ադրբեջանի տարածքում համակեցության որեւէ տարբերակի: Հենց այդ պատճառով Ադրբեջանը 2020 թվականին դիմեց ագրեսիայի: Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է (եւ հռչակագիրը, որը վերջերս Շուշիում ստորագրեցին նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը, եւս մեկ անգամ հաստատում է) Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը համարել Ադրբեջանի տարածք: Այս ճանապարհին խաղաղության հասնել անհնար է ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ ամբողջ տարածաշրջանում:

Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ադրբեջանական կողմի խելքը կբավականացնի, որպեսզի դադարեցնի իր հաղթանակը տոնելը եւ անցնի խաղաղ համակեցության իրողություններին: Բայց, շատ ափսոս, Ադրբեջանի ղեկավարությունը դեռ նման մոտեցում չի ցուցաբերում: Մի կողմից, տպագրվում են հոդվածներ այն մասին, որ հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի հետ կապված կորուստների մասին եւ այդպիսով խաղաղ համակեցության հնարավորություն տան: Մյուս կողմից, միեւնույն ժամանակ, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում են պարել ոսկորների վրա, վիրավորել ու նվաստացնել եւ հայ ժողովրդին, եւ Հայաստանին: Պարոն Ալիեւը իսլամական աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու Հայաստանի փորձերի մասին խոսում է որպես վիրավորանք, քանի որ, նրա կարծիքով, հայերը սկզբունքորեն չեն կարող նորմալ հարաբերություններ ունենալ իսլամական երկրների հետ:

Կարծում եմ, որ վերջերս «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Քոչարյանը ճիշտ տարբերություն դրեց հոր եւ որդու` Հեյդար Ալիեւի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Ո՛չ հօգուտ ժառանգի, ո՛չ հօգուտ Իլհամի: Քանի որ նա չի ցուցաբերում այնպիսի մարդու որակներ, որն ունակ է վեր կանգնել նեղճակատ ազգայնականությունից:

Այս իրավիճակում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սուր է մնում: Բանակցային գործընթացն այստեղ այլընտրանք չունի: Այսօր Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրավունք ունի անել այն, ինչ ուզում է, բայց քանի դեռ ռուս խաղաղապահները տեղում են, Ադրբեջանը նորից որեւէ ռեւանշիստական գործողություն կատարելու հնարավորություն չի ունենա:

Ադրբեջանը հայ ռազմագերիներին համարում է հանցագործներ, հանցավոր կազմավորումների անդամներ, չնայած իրականում խոսքը սովորական ռազմագերիների մասին է, որոնց նկատմամբ գործում են միջազգային չափանիշները: Նրանք, իհարկե, պետք է փոխանակվեն ադրբեջանական ռազմագերիների հետ խաղաղ բանակցությունների գործընթացում: Բայց, ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն այստեղ ըմբռնման որեւէ լայնություն եւ խորություն չի ցուցաբերում:

Այս ամենը խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար: Ռուսաստանը կցանկանար նորմալ հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ, բայց մենք տեսնում ենք, հատկապես երեկվանից հետո, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է երկրորդական՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համեմատ: Նա դա ցույց տվեց երեկ՝ Շուշիում ստորագրելով հայտնի հռչակագիրը: Որքան էլ ձգտում էր այսօր թուրքական եւ ադրբեջանական մամուլը հանգստացնել Ռուսաստանին եւ ասել, որ դա ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այլ իրականում ռազմաքաղաքական հռչակագիր է, որում ասվում է, որ նրանք ոչ միայն դե ֆակտո դաշնակիցներ են, այլեւ՝ դե յուրե: Դե ֆակտո նրանք այդպիսի դաշնակիցներ վաղուց են դարձել, դե յուրե՝ Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո: Ահա սրանից ենք մենք այսօր ելնում: Եւ սրանից ելնելով՝ մենք, ինչպես ինձ է թվում, պետք է գործենք դիվանագիտական ասպարեզում, քանի որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության հետագա նվաստացումը չի բխում ոչ Ռուսաստանի շահերից, ոչ էլ Կովկասում խաղաղության շահերից, եւ, ի վերջո, ոչ էլ Ադրբեջանի շահերից: Քանի որ այս կերպ Ադրբեջանը ամրապնդում է իրեն որպես տարածաշրջանում լարվածության ու անհանգստության աղբյուր: Եւ դա չի կարող չանդրադառնալ նրա հետագա զարգացման վրա:

Տեսանյութեր

Լրահոս