«Հիշե՛ք, դուք ակամա քվեարկում են այս իշխանությունների օգտին, եթե ալարում եք մի քանի րոպե ծախսել և մասնակցել ընտրությանը․․․»․ Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարիներ առաջ ընտրությունը կանգ էր առել մեկի վրա, ով որևէ հարցում նվազագույն գիտելիքներ ու պատկերացում չունենալով հանդերձ, օժտված է անտանելի ինքնավստահությամբ և իբր երկաթյա տրամաբանությամբ անվերջ արդարանալու մարմաջով: Ցավոք, շատերը չեն ընկալում այդ մանիպուլյացիաները: Երեկ, եզրափակիչ բանավեճին, այնուամենայնիվ, մի քանի թեկնածուների հաջողվեց՝ եթե ոչ իրեն, ապա հանրությանը բացատրել, որ այդ բոլոր «փաստարկները» գունեղ փուչիկներ են, չհաշված հենց տեղում ինքն իրեն հակասելու անհերքելի որակները:
Մի երկու օրինակ: Երբ հարցնում են, թե ինչո՞ւ հայ գերիներին չհանձնելու պարագայում, ինքներդ հանձնեցիք անգամ 44-օրյա պատերազմի հետ կապ չունեցող առնվազն անչափահաս երեխայի սպանելու համար դատապարտված ադրբեջանցիներին, նախ, բացատրեց, թե իբր դա բխում էր նոյեմբերի 9-ի հայտարությունից, քանի որ պետք է հանձնվեին բոլոր «պահված» անձինք, իսկ երբ հասկացրին, որ դատապարտված անձինք այդ եզրույթով չեն ներառվում, առանց աչքը թարթելու, մի ուրիշ վարկած հրամցրեց՝ թե բա ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս իրականացնել դիակների որոնման աշխատանքները, և պետք էր իրենց սիրաշահել:
Առավել ցածրորակ էր Արցախի հարցով այն հայտարարության իբր պարզաբանումը, թե ինչպես կարող էր իր «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը պատերազմի պատճառ լինել, երբ դուք պահանջում եք «ճանաչել Արցախը», արդյո՞ք դա նույնը չէ: Դարձյալ հնարավորինս մատչելի բացատրեցին, որ խոսքը, նախ՝ վերաբերում է ոչ թե Արցախը Հայաստանի մաս ճանաչելուն, ինչն անմիջականորեն բխում էր իր պոպուլիստական հայտարությունից, այլ պատերազմի հիմքով Արցախի ինքնությունը ճանաչելուն, ինչի մասին ակնարկել էր Վլ. Պուտինը և ինչը հնարավորություն կտար, որպեսզի Արցախը անարգել նախաձեռներ անկախացման իր հետագա գործընթացները:
Հարգելիներս, կարծում եմ, քիչ, թե շատ մտածող մարդիկ վաղուց են հասկացել, որ Երկիրը ղեկավարում է անհավասարակշիռ, կառավարման տարրական գիտելիքների չունեցող, միաժամանակ բացահայտ իշխանատենչ, նիհիլիստ և պոպուլիստ մեկը, որպիսի պարագայում Երկրի գոյատևման մասին խոսելն անգամ անլուրջ է:
Խնդրում եմ, վերջ տվեք այն մտածումներին, թե իբր դեմ ենք և «ներկաներին» և «նախկիններին», ուստի չենք մասնակցի ընտրություններին». սա այս իշխանությունների հնարած լոզունգն է, իսկ այսպիսի հնարքներում, ինչպես նաև վարչական ռեսուրսների անխնա օգտագործման ասպարեզում իրենք անգերազանցելի են:
Հիշե՛ք, դուք ակամա քվեարկում են այս իշխանությունների օգտին, եթե՝
1) ալարում եք մի քանի րոպե ծախսել և մասնակցել ընտրությանը,
2) քվեարկում եք անցողիկ շեմին չհավակնող փոքր կուսակցություններին՝ փոշիացնելով ձեր քվեն:
Մենք անձի խնդիր չենք լուծում, Երկրի լինելու կամ չլինելու խնդիր ենք լուծում…»։