Բաժիններ՝

Նախընտրական ծրագրեր՝ կրթության մասին

Թեև այս ընտրություններում ծրագրերը մղված են երկրորդ պլան, այդուհանդերձ, ներկայացնենք, թե ինչ ոչ ստանդարտ մոտեցումներ, առաջարկություններ կան կուսակցությունների ծրագրերի կրթական հատվածում։

Ինչպես միշտ, այս անգամ էլ, կրթության թեման տեղ է գտել վերջնամասում։ Բոլորը խոսում են կրթության առաջնահերթ լինելու մասին, բայց բոլոր ծրագրերում կրթությանն անդրադառնում են վերջում։ Միակ բացառությունը տեսնում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում։ Ծրագրում կա ռազմավարություն հատված, որում անվտանգությունից հետո խոսվում է այն մասին, որ անհրաժեշտ է ձևավորել անձի և հանրության շարունակական զարգացման, իրավական ու քաղաքական հասունացման համար անհրաժեշտ կրթադաստիարակչական և սոցիալ-մշակութային (լուսավորչական) միջավայր։ Այս կետը կարևոր է այն առումով, որ առանց բարենպաստ միջավայրի՝ կրթության համակարգը չի կարող զարգանալ։ Երեխաների սովորելու ցանկությունը ցածր է այն պատճառով, որ երկրում պարզապես չկա սովորելու միջավայր։ «Լուսավոր Հայաստանի» կրթական ծրագիրը նաև կառուցիկ է։ Սկզբում նշվում է գաղափարը, հետո՝ հայեցակարգը, հետո՝ գործողություններ, ապա կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նշվում են առաջնահերթություններ։

Բավական ծավալուն է «Քաղաքացու որոշում» կուսակցության կրթական ծրագիրը։ Այս ծրագրում կան նաև այնպիսի կետեր, որոնք նոր են Հայաստանի համար։ Օրինակ՝ առաջարկվում է ուսուցիչներին 7 տարին մեկ տալ վճարվող արձակուրդ։ Միջազգային պրակտիկայում այս երևույթը հայտնի է սաբատիկա անունով։ Այն հիմնականում կիրառվում է համալսարաններում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասավանդումը ծանր աշխատանք է, որոշ երկրներ դասավանդողներին 1 տարի ստեղծագործական արձակուրդ են տալիս։ Այդ ընթացքում դասավանդողն ազատվում է դասերից և հիմնականում զբաղվում է ստեղծագործական աշխատանքով։ Օրինակ՝ գրքեր է կարդում, հոդվածներ է գրում, կոնֆերանսների է մասնակցում։ Այս լավ գաղափարի իրականացումը բյուջեից մեծ գումար է պահանջելու։ Տարեկան մոտ 5000 ուսուցչի լրացուցիչ աշխատավարձ պետք է վճարվի։ Բացի այդ, շատ գյուղերում կա տվյալ առարկայի 1 մասնագետ։ Եթե ուսուցիչը մեկնի ստեղծագործական արձակուրդ, ապա ո՞վ պիտի նրան փոխարինի։

«Քաղաքացու որոշում» կուսակցության կրթական ծրագրի մյուս առաջարկն այն է, որ ծնողները պետք է ունենան երեխային մինչև ժամը 18:00-ն դպրոցում թողնելու իրավունք և հնարավորություն։ Սա նույնպես լավ գաղափար է, բայց պահանջում է հսկայական ֆինանսավորում։ Երեխաներին մինչև 18:00-ն դպրոցում պահելու համար անհրաժեշտ են գումարներ սննդի համար և մանկավարժներ, որոնց պետք է լրացուցիչ վճարել մինչև 18:00-ն երեխաների հետ աշխատելու համար։ Եթե այս ամենին գումարենք նաև սպասարկման ծախսերը, ապա պետբյուջեից մեծ գումարներ պիտի հատկացվեն։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը միակն է, որն առանձին անդրադարձել է մեծահասակների կրթությանը։ Սա Հայաստանի կրթության անտեսված թեման է, որը շատ կարևոր է։ Մենք չենք կարող Հայաստանում լուրջ փոփոխությունների հասնել՝ առանց մեծահասակների կրթության փոփոխության։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում ներկայացված է, թե ինչ է արվել վերջին 3 տարիների ընթացքում և ինչեր են արվելու։ Հիմնականում հայտնի միջոցառումներ են՝ շինարարություն, ներառական կրթություն, թվայնացում։ Միակ ոչ ստանդարտ առաջարկն այն է, որ առաջարկվում է տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ պետական պատվերի միջոցով մշակել և ներդնել տարածաշրջանային լեզուների մասնագիտացում բուհերում:

«Հայաստան» դաշինքի կրթական ծրագիրը կարճ է, բայց կարևոր հարցեր է թիրախավորում։ Ծրագրում կա հավակնոտ խոստում՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնել 90-95%-ի։ Այս խոստումն ահռելի ներդրումներ է պահանջում, քանի որ Երևանի մանկապարտեզների շենքերի մի մասը վաճառված են։ Շատ գյուղերում էլ մանկապարտեզների շենքեր չկան։ Այսինքն՝ հարյուրավոր մանկապարտեզներ կառուցելու խնդիր կա։ Եվ, իհարկե, այդ մանկապարտեզները պետք է ֆինանսավորել։ Դաշինքը խոստանում է չօպտիմալացնել գյուղական փոքր դպրոցները, սոցիալական երաշխիքներ տալ կադրերի պակաս ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչներին։

«Պատիվ ունեմ» դաշինքի կրթական ծրագրից ավելին էի սպասում, քանի որ Հայաստանի  Հանրապետական կուսակցությունը 10 տարի եղել է իշխանության ղեկին։ Տպավորություն է, որ այն գրված է մեկ մարդու կողմից։ Ծրագրում տարօրինակ էր տեսնել այն միտքը, որ կրթական բարեփոխումները պետք է լինեն երկբևեռ՝ մի կողմից՝ ուղղված աշակերտներին, մյուս կողմից՝ մանկավարժներին։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ են աշակերտները և մանկավարժները ներկայացվում՝ որպես բևեռներ։ Դաշինքը խոստանում է, որ 10 տարվա ընթացքում Հայաստանի 2 բուհ կընդգրկվի աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկում։

Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը խոստանում է ներդնել աշակերտակենտրոն ուսուցում, արմատապես վերանայել Ինֆորմատիկա առարկայի ծրագիրը, ավագ դպրոցից սկսած աշակերտներին պատրաստել քաղաքացիական կյանքին։ Առաջարկվում է նաև խստորեն վերահսկել բուհերի կրթության որակը՝ պահպանելով նրանց ինքնավարությունը։

Ծրագրերի շարքում առանձնանում են «Հայոց Հայրենիք» կուսակցության խոստումները։ Կուսակցությունը խոստանում է վերականգնել խորհրդահայ դպրոցը, պրոֆտեխնիկական համակարգը։ Հիմնական կրթության տևողությունը կլինի 8 տարի՝ այսօրվա 9 տարվա փոխարեն։ Եթե աշակերտներն ընտրելու հնարավորություն ունենային, ապա միայն այս խոստման համար կուսակցությունը զգալի թվով ձայներ կհավաքեր։ Մանկապարտեզները կլինեն անվճար։ Կուսակցությունը խոստանում է լուծել առաջին դասարան ընդունվելու, ներառական կրթության, գնահատման համակարգի, տնօրենի ընտրության և դպրոցի ֆինանսավորման խնդիրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս