Ինչու են օլիգարխները վերադարձել մեծ քաղաքականություն

Իշխանության թիմում օլիգարխները վերադարձել են մեծ քաղաքականություն ու փորձում են ապագայի խոստումներով կրկին խաբել ժողովրդին։ Կարծում են՝ մարդիկ մոռացել են, թե ում հետ գործ ունեն։

Այնտեղ են հասել, որ իշխանության նախընտրական ցուցակում հանգրվանած հայտնի մեծահարուստ Գուրգեն Արսենյանը, ով իր հարստությունը կուտակել է այլ երկրներից ապրանքներ ներմուծելու և Հայաստանում վաճառելու հաշվին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, թե Գավառում այնքան աշխատատեղ ենք բացելու, որ աշխատողի պակաս լինի։ Ու սա ասում է մի մարդ, ով առաջին օրվանից կանգնած է եղել այս իշխանության կողքին, բայց նոր հիշել է աշխատատեղեր բացելու մասին, երբ եկել է ժողովրդից ձայներ մուրալու ժամանակը։

Եթե աշխատատեղեր բացող էիք՝ այսքան ժամանակ բացեիք, որ հիմա չկանգնեիք ու կրկին նույն երգը չերգեիք։ Չէ՞ որ մարդիկ հիշում են, թե անցած ընտրությունների ժամանակ էլ ինչեր էիք խոստանում նույն Գավառում աշխատատեղեր բացելու վերաբերյալ։ Թե՞ մոռացել եք Նիկոլ Փաշինյանի ասածները։

Եթե մոռացել եք, կրկին կհիշեցնենք։

2018թ. նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական նախորդ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող միլիոնավոր դոլարների ներդրումների մասին, հայտարարում էր, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար պատրաստվում է տեքստիլի գործարան բացել։

Գործարանը պիտի բացվեր 2019թ. հունվարին՝ ընտրություններից անմիջապես հետո։

«Նա որոշել է ներդրումներ իրականացնել և Ծովազարդ գյուղում ստեղծել տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել են մանելու։ Ընդ որում՝ էդ գործարանը կսկսի աշխատել արդեն հունվարից։ Սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետագայում նաև 1200 աշխատատեղ է պլանավորում բացել»,- հիշեցնենք, որ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է Գավառում, 2018թ. նոյեմբերի 29-ին՝ նախորդ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Բայց միայն սա չէր՝ մի ամբողջ բիզնես շղթա էր ներկայացնում, հայտարարում էր, որ վարչապետ դառնալուց հետո առաջին գործերից մեկը, որին առնչվել է, վերաբերում էր այդ նույն գործարարին, որը փորձել է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրի մարզում, սակայն մաքսային մարմինները խնդիրներ են առաջացրել։ Ինքը եկել է ու լուծել բոլոր խնդիրները։

«Ես հետաքրքրվել եմ, թե ինչ պրոբլեմ է, և այլն, իբր ֆիտո-սանիտարական պրոբլեմ կար, ես հանձնարարեցի, որ արագ ստուգեն և անպայման ներս թողնեն այդ սերմերը Հայաստան։ Դրանից հետո այդ գործարարը, ինչպես պլանավորել էր, Արմավիրի մարզում իրականացրեց բամբակի ցանք՝ երկար տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ։ Եվ հիմա պարզվում է՝ բամբակն Արմավիրի մարզում սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել»,- հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ստացված բերքը կիրացվի Ծովազարդ գյուղում բացվող գործարանում։

Այս հայտարարություններից երկուս ու կես տարի է անցել։ Ո՛չ խոստացված 1200 և ո՛չ էլ 400-600 աշխատատեղը կա։ Ոչ էլ գործարանն է բացվել։

Հիմա եկել են, նորից աշխատատեղերի բացման մասին են խոսում։ Վատն այն է, որ սա բոլորովին էլ եզակի դեպք չէ։ Այդպիսի օրինակները շատ են։

Միլիարդների հասնող ներդրումային բիզնես ծրագրերից էին խոսում, այդպես էլ այդ ծրագրերը մնացին թղթի վրա։ Այս ընթացքում առանձին մանր-մունր ներդրումեր գուցե արվել են, բայց քիչ չեն դեպքերը, երբ կարճատև գործունեությունից հետո այդ ծրագրերն էլ են փակվել։

Հիշենք թեկուզ Մերձավանի կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանը, որը բացվելուց ու Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցից հաշված օրեր հետո կրկին փակվեց։ Մեքենաների արտադրությունից էին խոսում, հայ-կորեական ավտոբուսներ էին արտադրում, այդպես էլ ոչինչ չտեսանք։

Կասկած չկա, որ նույնը լինելու է նաև այս անգամ՝ ընտրություններից առաջ խոստանում են, որպեսզի ձայներ փախցնեն, ընտրություններից հետո մոռանում են։

Կարո՞ղ եք հիշել, թե նախորդ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է խոսել Ծովազարդի տեքստիլ գործարանի կառուցման ծրագրի մասին։ Իսկ երբ հիշեցրել են, որ խոստացած ներդրումային ծրագրերը չեն կատարվում, մի բան էլ արդարացել է, թե ինքը չէ ներդրումներ կատարողը։

Ներդրումներ կատարողն ինքը չէ, բայց կարող է ներդրումային մեծ խոստումներ տալ։

Պարզ է, որ առանց ներդրումների հնարավոր չէ նոր աշխատատեղեր բացել։ Բայց 3 տարի շարունակ միայն հավաստիացումներ են հնչել, որ ներդրողները չափազանց հետաքրքրված են Հայաստանի «հեղափոխական տնտեսությամբ», որ շուտով գալու են ու ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնեն։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո էլ խոսվում էր սպասվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանք զուր հույսեր են։

2018-2019թթ. ընթացքում Հայաստանում կատարվել են ընդամենը 250 մլն դոլարի կարգի օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Անցած տարի էլ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմեցին հազիվ 124 մլն դոլար։

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային ռիսկերն ու մտահոգություններն այնքան շատ են, որ նույնիսկ ներսի գործարարները չեն վստահում տնտեսությանը։ Ոչ մի կապ չունի, թե ինչ կասեն իշխանության սիրելի գործարարներ Գուրգեն Արսենյանն ու Խաչատուր Սուքիասյանը Հայաստանի տնտեսության ապագայի, ներդրումների ու աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ։ Այսքան բանից հետո շատ դժվար է պատկերացնել, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերականգնել վստահությունը Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։

Տարիներ են պետք ներդրումային վստահությունը վերականգնելու համար։ Առավել ևս՝ արտաքին ու ներքին բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, երբ դեռ հայտի չէ, թե ինչեր են մեզ սպասվում ապագայում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս