«Սիրելի ժողովուրդ, եթե ուզում եք ընտրել անմեղսունակ, ձախողված իշխանություն և քաղաքացիական պատերազմ, ընտրեք Նիկոլ Փաշինյանին». Լևոն Զուրաբյանի կոչը

Այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց հաջողվել է ճեղքել ընտրապայքարի երկբևեռ պատկերը, ըստ որի՝ իշխանության համար պայքարում են միայն Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ հաջողվել է այս ընտրապայքարում դառնալ նոր բևեռ: Մենք դատապարտում ենք սոցիոլոգիական կեղծ հարցումների հրապարակումները, որտեղ ակնհայտ է, որ տրվում են բացարձակապես կեղծ տվյալներ: Այդ սոցիալական հարցումներն իրականում ավելի շատ արտացոլում են ոչ թե իրական ընտրազանգվածները քաղաքական ուժերի, այլ այդ քաղաքական ուժերի ռեսուրսները: Ով ռեսուրս է դնում սոցիոլոգիական այս կեղծ հարցումների մեջ, նա էլ ստանում է բարձր թվեր, մենք այդ խաբեությանը չենք մասնակցելու և միանշանակ ուզում ենք ասել, որ սա պետք է մերժվի նաև մեր հանրության կողմից, որովհետև Հայաստանում այսօր քաղաքական սոցիոլոգիա ուղղակի գոյություն չունի, ծախու մակարդակի վրա է գտնվում»:

Հարցին, թե արդյոք Gallup-ի հարցումնե՞րը նկատի ունի, Զուրաբյանը պատասխանեց, որ և՛ Gallup-ի, և՛ շատ այլ հարցումներ, որոնք ծառայում են նույն նպատակին:

«Քանի որ արդեն պարզ է, թե ով է մրցակցելու Հայաստանում այս ընտրարշավում հիմնական ձայների համար, ես ուզում եմ մեր ժողովրդին դիմել կոչով՝
սիրելի ժողովուրդ, եթե դուք ուզում եք ընտրել անմեղսունակ, ձախողված իշխանություն և քաղաքացիական պատերազմ, ուրեմն ընտրեք Նիկոլ Փաշինյանին, եթե ուզում եք ընտրել կոռումպացված բռնապետություն և քաղաքացիական պատերազմ, ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, իսկ եթե ուզում եք, որ Հայաստանում տիրի քաղաքական ռեալիզմը, ողջախոհությունը և կայունությունը, ապա ընտրեք Հայ ազգային կոնգրեսին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»,- ասաց Զուրաբյանը:

ԿԸՀ-ում ՀԱԿ ներկայացուցիչ, իրենց պատգամավորի թեկնածու Արմեն Խաչատրյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանության մոտ կա օպերատիվության պակաս, արձանագրել են ընտրակաշառքի և ընտրակաշառքի խոստման դեպքեր, սակայն հարուցված գործերն ու արձանագրված դեպքերը համապատասխան չեն: Արձանագրել են նաև իրենց քարոզչական պաստառները վնասելու դեպքեր:

Տեսանյութեր

Լրահոս