Հրահանգ՝ Գրիգորի Խաչատուրովի և այլ հրամանատարների դեմ

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին կարգադրել է ազատվել անցանկալի հրամանատարներից:

Իրավաբանները նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին խորհուրդ են տվել այլևս անձամբ չարձակել պաշտոնավարման կասեցման հրամաններ, ինչպես արվել է Մեղրիի և Մեհրաբի հրամանատարների դեպքում՝ բազմաթիվ օրենքների խախտմամբ։

Այժմ որդեգրվել է այլ գործելաոճ, նախարարությունում գաղտնի շինծու ծառայողական քննություններ են անցկացվում և նյութերը փոխանցվում են կա՛մ դատախազություն, կա՛մ քննչական ծառայություն, որպեսզի Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարման դադարեցումն իրականացնի նշված մարմինների միջնորդությամբ։

Մեր տեղեկությունների համաձայն՝ այժմ միջնորդություններ են նախապատրաստվում ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի և նշված կորպուսի բոլոր զորամասերի հրամանատարների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը արդեն տևական ժամանակ է՝ թիրախավորել է և Գրիգորի Խաչատուրովին, և այլ զինվորականների:

Ընդ որում, Խաչատուրովին թիրախավորել է ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլև Ադրբեջանի իշխանությունները և մամուլը:

Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, սակայն, ինչպես վերջերս համոզվեցինք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի և հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ըստ էության, Տավուշի մարզից տարածքների հանձնումը մնացել էր բանավոր պայմանավորվածությունների տիրույթում, որն արդեն, կարելի է ասել, «թղթի վրա է»:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր նաև, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, մարտական դիրքեր ենք կորցնելու: Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Այսօր, սակայն, շատերը վստահ են, որ 3-րդ բանակային կորպուսը՝ Գրիշա Խաչատուրովի գլխավորությամբ, Տավուշից դիրքերի կորուստ թույլ չի տալու:

Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը: Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»:

Տեսանյութեր

Լրահոս