«ՃՏՊ-ներից զոհվածների և վիրավորների թիվը նվազել է». Փոխոստիկանապետ
Երևան քաղաքի խաչմերուկներում երթևեկության վերահսկողության ավտոմատ համակարգերի, արագաչափ սարքերի և խցիկների ներդրման արդյունքները «շատ ուրախալի» են` հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների առումով: 2011թ. առաջին 11 ամիսների համեմատ 2012թ. նույն ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների քանակը թեև աճել է 5-ով, սակայն զոհվածների թիվը նվազել է 19-ով, իսկ վիրավորներինը` 50-ով: Սա «բավականին լուրջ ձեռքբերում է»` ի համեմատ 2009թ.-ի, որի ցուցանիշները համարվում են «լավագույնը բոլոր տարիների մեջ»:
Այս մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով դեկտեմբերի 14-ին անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրան, ի դեպ, լսումները նախաձեռնած ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բնութագրեց որպես «հատկապես վերջին տարիներին ոստիկանության բարեփոխումների ոլորտում մեծ դերակատարում» ունեցող անձ:
«Կանխված հնարավոր հետևանքները, կարծում եմ, ակնհայտ ավելի մեծ են, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր տարի շուրջ 30 հազար նոր տրանսպորտային միջոց է ներմուծվում Հայաստանի Հանրապետություն»,- նշեց փոխոստիկանապետը:
Ըստ նրա, սա նշանակում է, որ, հաշվի առնելով նախորդ երեք տարիների վիճակագրությունը, ընթացիկ տարում ևս պետք է արձանագրվեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների և վիրավորների թվաքանակի 10 տոկոսի չափով աճ: Այս «չարաբաստիկ վիճակագրության» համաձայն, 2012թ. զոհվածների թիվը կկազմեր 90, մինչդեռ 11 ամիսների կտրվածքով արձանագրվել է 60 դեպք:
«Սա խոսուն վկայություն է այն բանի, որ արագաչափ սարքերն ու տեսախցիկներն իրենց դրական ազդեցությունն ունեցել են երթևեկության անվտանգության ապահովման գործում: Կարծիք կա, որ շատ դեպքերում, իհարկե, վարորդներն այս սարքերը տեսնելիս արագությունն իջեցնում են, հետագայում ավելի մեծ արագություն են զարգացնում: Հիմնական խնդիրն այն է, որ հնարավոր չէ ամբողջությամբ փակել հանրապետությունը կամ Երևան քաղաքը համապատասխան տեսախցիկներով կամ արագաչափերով, բայց մենք անելու ենք հնարավորինը, որպեսզի առկա ռիսկային գոտիները սարքավորումներով հագեցվեն»,- ընդգծեց Ա. Օսիկյանը:
Ըստ նրա՝ պայմանավորված արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրմամբ, փոփոխություններ են կատարվել նաև Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող ծառայությունների մեջ:
«Հստակ հանձնարարական կա` բոլոր այն վայրերում, որտեղ տեղադրված կլինեն արագաչափերը և տեսադիտարկման սարքավորումները, այդտեղ ծառայություն չի իրականացվում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: Իհարկե, լինում են առանձին դեպքեր, երբ չարաշահվում է կամ համապատասխան հանձնարարականի կատարում չի լինում, ինչի համար ծառայողական կարգապահական տույժերի են ենթարկվում տվյալ անձինք: Բայց հնարավոր են նաև օբյեկտիվ հիմքեր կամ դեպքեր, երբ, ըստ ծառայողական անհրաժեշտության, տվյալ վայրում ծառայություն է իրականացվում»,- նշեց ՀՀ ոստիկանապետի տեղակալը: