ՀԱԿ-ը երեք տարբերակ ունի
«Գագիկ Ծառուկյանը հավանաբար հաշվարկել է, որ իր առաջադրումն ավելի շատ կորուստներ, քան ձեռքբերումներ կստեղծի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին որոշմանը:
«ԲՀԿ առաջնորդն ընտրություն ուներ՝ մասնակցել կամ ոչ: Նա, ամենայն հավանականությամբ, ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել, որովհետև հաշվարկել է, որ մասնակցությունն ավելի շատ կորուստներ, քան ձեռքբերումներ կտա իր թիմին: Այլ հարց է՝ ճի՞շտ որոշում է կայացրել նա, թե՞ ոչ: Ընտրությունը կայացրել է և, կարծում եմ, հաշվի առնելով իր շահերը, գուցե բանակցությունների ընթացքում հօգուտ իրեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- ասաց նա՝ հավելելով, որ սա նորմալ քաղաքական գործընթաց է:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ընտրություններին մասնակցելու ձևաչափին, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Կոնգրեսն ունի մասնակցության երեք տարբերակ: Առաջինը՝ ընտրություններին չմասնակցելն է, որը, սակայն, նրա խոսքով, լավագույն տաբերակը չէ ՀԱԿ-ի համար: Երկրորդ տարերակն Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է մասնակցությունը սեփական թեկնածուով՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, որի դեպքում ՀԱԿ-ը հնարավորություն կունենա ձեռք բերել ԲՀԿ էլեկտորատի ձայների մի մասը: Իսկ երրորդ տարբերակը, ըստ քաղաքագետի՝ մասնակցությունն է մեկ այլ թեկնածուի առաջադրմամբ: