Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ մանիպուլյացիաները, կամ՝ ինչո՞ւ էր նոյեմբերի 7-ին Շուշին պահելու համար սպառազինության խնդիր առաջացել

Օրեր առաջ Լոռու  մարզ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել էր,  ասելով՝ իհարկե, Շուշին դիտավորյալ հանձնվել է: Սակայն նա սրան տվել էր իր բացատրությունը:

«Այն ժամանակ, երբ Արցախի նախագահը ասում էր՝ ժողովուրդ ջան, Շուշիին են մոտեցել, եկեք Շուշին պաշտպանեք, այդ ժամանակ արձագանքող չեղավ: Հետո պարզվեց, որ դրանից ընդամենը 1.5 օր հետո պարզվեց կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ կառավարության շենքը գրոհեն: Ասում է՝ ես կասկածներ ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է: Իհարկե,  Շուշին դիտավորյալ հանձնվել է, որովհետև դուք Շուշին պաշտպանելու փոխարեն՝ Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, բա ինչի՞ էիք սպասում, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում էղած և Շուշին թողած մարդկանցից 2-ը ձեր թիմերում են: Կանչեք նրանց և հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, ինչի՞ է հանձնել: Մեկը ցուցակի 6-ն է թե 7-ը՝ Սեյրան Օհանյանը, էղել է էնտեղի պատասխանատուներից մեկը: Հիմա Գլխավոր շտաբի նախկին  պետը իրանց թիմում է, թող կանգնի և ասի՝  ով է հրաման տվել: Թող կանգնի ասի՝ ասել են՝ Շուշին հանձնի: Թող կանգնի ասի: Այսինքն, ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,- ասել է նա և համաձայնել հավաքվածներից մեկի դիտարկման հետ, թե առաջին դավաճանը հրամանը կատարողն է:

Հիմա անդրադառնանք Փաշինյանի տարածած կեղծիքին և մարդկանց մոլորեցնող մանիպուլյացիաներին՝ ըստ ժամանակագրության և փաստերի.

Հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ էր արել միանալ Շուշիի պաշտպանությանը:

«Թշնամին գտնվում է այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գերնպատակն է՝ գրավել Շուշին, տիրանալ Շուշիին, ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին, և ուզում եմ, որ գիտակցենք այս պահը»,- ասել էր նա:

Բայց նախքան Արայիկ Հարությունյանի այս կոչը,  ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) զգուշացրել էր՝ պատերազմը հասել է Շուշիի պարիսպների տակ:

«Շուշիի տակ ասելով՝ նկատի ունեմ, որ մի քիչ էն կողմն են, ոնց որ էն ձորի կողմը: Մեր տղերքը պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր նա:

Հավելենք, որ Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավար, գնդապետ Թեհրան Մենսիմովն իր հարցազրույցում ասել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում»:

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ուղղված մեղադրանքներին Շուշին հանձնելու առումով, նախ հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ տեղեկացնում էր, որ այցելել է Շուշի և հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ պայքարի ռազմավարությունը:

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- հետգրությամբ հավելել էր Արցախի նախագահը:

Ի դեպ, հանդիպման մասին պատմող լուսանկարներում երևում են և՛ Արցախի ԱԱԾ նախկին պետ Կամո Աղաջանյանը, և՛ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար  Տիգրան Ավինյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե հրամկետը նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տեղափոխվել է Շուշիից:

«Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը: Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30-ին դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը»,-մանրամասնել էր նա:

Այսինքն, սպառազինության հետ կապված խնդիրներ են եղել, որը պիտի լուծեր ՀՀ երկրի ղեկավարը, և որի մասին, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն իմացել է, և ըստ էության, այդ խնդիրը չի լուծվել:

Իսկ ինչո՞ւ չի լուծվել, դրա պատասխանը պետք է Նիկոլ Փաշինյանը տա,  եթե լուծվել է, ապա դարձյալ նա պետք է պատասխանի՝ սպառազինության հետ կապված ի՞նչ խնդիրներ են ծագել, որ Արցախի նախագահի խնդրանքով Սեյրան Օհանյանը շտապ Երևան է եկել:

Վերադառնալով Շուշիի գրավմանը, Թեհրան Մենսիմովը իր հարցազրույցում ասում է՝ քաղաքը նոյեմբերի 7-ին «մաքրված» էր արդեն, այսինքն՝ վերցված:

«Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հայերը 3 հակագրոհ են իրականացրել Շուշիի ուղղությամբ, բայց ոչնչացվել են: Քաղաքը «մաքրված է եղել նոյեմբերի 7-ին: Նոյեմբերի 8-ին մեր երկրի ղեկավարությունը հայտարարեց Շուշին գրավելու մասին»,- նշել է նա:

Այն դեպքում, երբ նոյեմբերի 8-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել՝ «ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին»:

Նույնատիպ գրառում նոյեմբերի 9-ին արել է Նիկոլ Փաշինյանը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Նիկոլ Փաշինյանն ի՛նքը պիտի պատասխանի, թե այդ ինչպե՞ս են մարտերը շարունակվել Շուշիում, երբ քաղաքը նոյեմբերի 7-ին «մաքրված» է եղել հայերից: Իսկ ադրբեջանական սպայի պնդումը այս դեպքում ավելի հավաստի է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանի՝ Շուշիի մասին գրառումից  ժամեր հետո ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթը: Այն, բնականաբար, Շուշիում  «ընթացող» մարտերին զուգահեռ չի մշակվել և հետո ստորագրվել:

Ինչ վերաբերում է կառավարության շենքը «պաշարելուն», ապա հիշեցնենք, որ 17 կուսակցությունների խորհուրդը նոյեմբերի 11-ին էր հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում:

Իսկ նոյեմբերի 9-ին պահանջել էին Փաշինյանի հրաժարականը:

Հայտարարությունում ասված էր. «Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում՝ իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված»:

Այսինքն, երբ քաղաքական գործողություններ են սկսվել, Շուշին արդեն հանձնված էր, ավելին, Նիկոլ Փաշինյանը ի՛նքն է մերժել իրավիճակի շտկման առաջարկների քննարկումը: Բացի այս, կրկնում ենք, Շուշին պահելու համար սպառազինություն է անհրաժեշտ եղել, իսկ դրա ապահովումը կամ համապատասխան որոշումը գերագույն հրամանատարի տիրույթում է:

Նիկոլ Փաշինյանը նախ ինքն իրեն պիտի հարցեր տա, կամ պատասխանի այդ հարցերին, որն ինքն իրեն պիտի տար և հրապարակային պատասխաներ դրանց:

 

Տեսանյութեր

Լրահոս